.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Ստեփանավանում

«․․․Նկատի ունենալով, որ Աստված ներշնչեց մեզ Աղոթքի այս տունը կառուցել Իր փառքի և Ավետարանի քարոզության համար, եկեք այն աղոթքով զատենք, սրբենք և նվիրենք միմիայն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, մեր Մխիթարիչ և Ուսուցիչ Սուրբ Հոգու փառքի համար»․

 

Այս խոսքերով 1999 թ․-ի հուլիսի 18-ին Ավետարանչական Ընկերակցության տնօրեն վեր․ Մովսես Ճանպազյանը ազդարարեց Ստեփանավանում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու նորակառույց շենքի բացումը։  

 

Ըստ անհատների վկայության և պատմական աղբյուրների՝ ավետարանականների ներկայությունը Ստեփանավանի տարածաշրջանում այս իրադարձությունից շատ ավելի վաղ էր՝ 1910-1920-ական թվականներին։ Ստալինյան հալածանքների տարիներին՝ 1930թ.-ից սկսած, երբ արգելվեց կրոնական հաստատությունների գործունեությունը, ավետարանականները ստիպված էին ընդհատակ անցնել և Սուրբ Գրքի սերտողություններն ու պաշտամունքները գաղտնի իրականացնել։ Այդ տարիներին էր, որ Ստեփանավանի ավետարանականներն ու մկրտականները միավորվելով տնային համայնքներ էին ձևավորել ու ամեն անգամ հավատացյալներից որևէ մեկի տանն էին հավաքվում։

«Ստեփանավանում առաջին չգրանցված Ավետարանական մկրտական եկեղեցիներից մեկն էլ մեր տունն էր։ Մայրիկիս տատիկը, ով 1927թ․-ից Ավետարանական մկրտական եկեղեցու անդամ էր, իր հյուրասենյակը ձևափոխել ու եկեղեցասրահ էր դարձրել, որտեղ ամեն կիրակի պաշտամունք էր լինում։ Քարոզիչները հիմնականում Երևանից կամ Գյումրիից էին գալիս։ Մեծ տատիկիս ու իր հավատակիցներին տարիներ շարունակ «ֆարմասոն» են կոչել՝ ավետարանականությունը համարելով այլադավանություն, սակայն դա չի խանգարել, որպեսզի ավետարանի ճշմարտությունը հասկացած անհատները հավատարմորեն շարունակեն ապրել ու տարածել այդ ճշմարտությունը»,- պատմում է Աղավնի Կիրակոսյանի ծոռնուհի Ցոլինե Միքայելյանը, ով ՀԱԵ ակտիվ ծառայող ու աշխատակից է։

 

1944 թ․-ի հոկտեմբերից Խորհրդային Միությունն ավետարանականների և մկրտականների գործունեությունը թույլատրեց միայն մեկ միասնական միության մեջ. վերջիններս միավորվելով կոչվեցին ավետարանական քրիստոնյաների և բապտիստների համայնք կամ եկեղեցի։ Միայն 44 տարի անց՝ 1991թ․-ին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երկրում հայտարարված խղճի և կրոնական ազատության պայմաններում Հայաստանի Ավետարանական եկեղեցին հոգևոր վերածնունդ ապրեց՝ տնային ժողովարանից վերադառնալով եկեղեցական կառույցին։   

   

 

Ստեփանավանում ՀԱԵ զարթոնքին մեծապես նպաստեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունը։ Վերջինս, բարեգործական ծրագրերից զատ՝ մեծ ներդրում ունեցավ ՀԱԵ առաջնորդների վերապատրաստման, քրիստոնեական դաստիարակության աշխատանքների կազմակերպման և համայնքային կյանքի աշխուժացման հարցում։ 1992 թ.-ին ԱՀԱԸ-ն Ստեփանավանում գրասենյակ կառուցեց, որը ժամանակավորապես դարձավ նաև եկեղեցաշենք Հայ Ավետարանական և մկրտական եկեղեցիների հին անդամների ու նորադարձ երիտասարդների, կիրակնօրյա դպրոց՝ մանուկների, պատանիների ու երիտասարդների համար։ Նույն թվականին մեծամասշտաբ ավետարանչություն սկսվեց բակային ճամբարների միջոցով․ հարյուրավոր մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ առաջին անգամ մասնակցեցին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ համատեղ Ստեփանավան քաղաքում կազմակերպված մանկական բակային ճամբարին։

 

Հայաստանում առաջին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցաշենքը կառուցվեց հենց Ստեփանավանում, 1998 թ․-ին։ Նոր եկեղեցաշենքը հնարավորություն տվեց, որպեսզի կիրակնօրյա պաշտամունքներն ու ՔԴ ծառայություններն ավելի լայնամասշտաբ դառնան։

 

«Երեխաներն այնքան շատ էին, որ կիրակնօրյան երեք հերթափոխով էինք անում՝ ժամը 10:00-ին, 12:00-ին, 16:00-ին։ Պատանիների թիվը հասնում էր 80-ի, ավելի քան 60 երիտասարդ կար»,-  պատմում է ՀԱԵ Ստեփանավանի ՔԴ նախկին պատասխանատու, երկար տարիների ծառայող Արմինե Արևջանյանը։

 

Տարիներ շարունակ ՀԱԵ հոգևոր ծառայությունների շրջանակն ընդգրկել է նաև Ստեփանավանի հարակից գյուղերը։

 

«Մենք, Ստեփանավանի ՀԱԵ ծառայություններերին զուգահեռ, 13 գյուղ էինք այցելում»,- պատմում է Արմինեն, իսկ այդ տարիներին Ստեփանավանի ՀԱԵ ծառայող Ցոլինե Միքայելյանը հիշում է․ «Հիմնականում ավետարանչությունը մանուկների ու պատանիների շրջանում էր, բայց հաճախ նրանց ուղեկցող ծնողներն այնքան շատ էին լինում, որ Աստվածաշնչի առանձին սերտողություններ էր իրականացվում նաև նրանց համար։ Որոշ գյուղերում ծառայություններ էին արվում նաև մեծահասակների խմբերի համար»։

 

ՀԱԵ-ն Ստեփանավանում վերազարթոնքից մինչ օրս հինգ հովիվ է ունեցել․ Արա Օչինյան (1993-2006 թթ․), Կարեն Օչինյան (2006 -2007թթ․) Խաչատուր Խաչատրյան (2007-2020 թթ․ դեկտեմբեր), Գևորգ Գասպարյան (2020 թթ․ դեկտեմբեր-ապրիլ), Հրանտ Բադալյան (2021 թ․ ապրիլի 30-ից մինչ օրս)։ Նրանք իրենց լավագույնն են արել, որպեսզի անխախտ պահեն Ավետարանի փոխանցման շղթան։ Ժամանակի ընթացքում ջանալով չկորցնել սկզբնական խանդավառությունը՝ եկեղեցին այժմ էլ շարունակում է իր առաքելությունը, որն անխախտ պահելու շնորհիվ այստեղ մի շարք հովիվների ու հավատարիմ ծառայողների սերունդ է բարձրացել, ովքեր այժմ Հայաստանի տարբեր տարածքներում շարունակում են Աստծուն ծառայել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում։  

 

Ստեփանավանի ՀԱԵ ներկայիս ծառայությունների մասին վեր․ Հրանտ Բադալյանը պատմում է․ 

 

«Ամբողջ շաբաթվա ընթացքում եկեղեցում անցկացվում են ծառայություններ․ կիրակնօրյա, պատանյաց, երիտասարդաց, կիրակնօրյայի ընթացքում ծնողների հետ սերտողություն, տիկնանց, տղամարդկանց, ծառայողական և պատրաստվողների սերտողություններ, աշակերտաց, աղոթաժողով, Տերունական Պաշտամունք»։

 

Ստեփանավանում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու բացմանը վեր․ Մովսես Ճանպազյանի կողմից բարձրաձայնած՝ եկեղեցու հիմնման նպատակը շեշտող խոսքը մինչ այսօր գործնականում դրսևորվում է եկեղեցական բոլոր ծառայություններում՝ հիշելով՝ Խոսքը քարոզել և Աստծուն փառք բերել։  

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X