Եկեղեցու համառոտ պատմությունը
Արցախյան Առաջին հերոսամարտի ընթացքում կրած բազմաթիվ վերքերից ու պարտադրված տնտեսական ծանր վիճակից բուժման կարիք ուներ այդ ժամանակ հաղթանակած Սյունիքը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և հրադադարից հետո, ինչպես նաև Արցախ բազմաթիվ այցելություններ և ծրագրեր իրականացնելուց հետո Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին որոշեցին իրենց մշտական ներկայությունն ու գործունեությունը սկսել Գորիս ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքում:
1997թ.-ի հոկտեմբերին Վանաձորից Գորիս տեղափոխվեց Սարգիս Օչինյանն իր տիկնոջ հետ և լծվեց Գորիսում ՀԱԵ ծառայություններին: 70-ամյա անաստված քարոզչությունը չափից ավելի էր կարծրացրել մարդկանց սրտերը քրիստոնեական հավատքի նկատմամբ, իսկ 90-ականների խառը ժամանակաշրջանը շատերի մեջ բազում հարցեր էր առաջ բերել` փուշ ու տատասկի ձևով: Սերմը հողի մեջ գցելուց առաջ պետք էր մաքրել այն քարերից ու փշերից, փորել ու փխրեցնել այն: 3 տարվա տքնաջան աշխատանքից հետո Գորիսում սկսեցին կանոնավոր պաշտամունքները:
2000թ.-ի հոկտեմբերից ամեն կիրակի, ժամը 11.00-ին մարդիկ հավաքվում են Վ. Մամիկոնյան 105 հասցեում գտնվող եկեղեցասրահում` պաշտելու և աղոթքներ բարձրացնելու Սուրբ Երրորդությանը, ինչպես նաև միմյանց հետ բաժնեկցելու իրենց ուրախությունն ու տխրությունը, սերն ու հոգատարությունը:
Գորիսի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գերագույն նպատակը Հիսուս Քրիստոսի Ավետարանի Բարի լուրը մարդկանց հայտնելն է, «…Որպեսզի կյանք ունենան և էլ ավելին ունենան» Հովհ. 10.10:
Հովվի կենսագրությունը
Վեր. Սարգիս Օչինյանը ծնվել է 1973թ.-ի փետրվարի 19-ին Կիրովական՝ ներկայիս Վանաձոր քաղաքում: 1980-1990թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Կիրովականի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը:
1990-1995թթ. սովորել է Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, «Նյութական Ռեսուրսների Կառավարում» մասնագիտությամբ:
1993թ.-ին ԱՀԱԸ-ի կողմից կազմակերպված Ծաղկաձորի երիտասարդական ճամբարում ապաշխարել է, իսկ 1995թ.-ին ունեցել վերստին ծննդի փորձառություն և կյանքը նվիրել Աստծուն՝ ընտրելով հոգևոր ծառայության ոլորտը:
1993-1996թթ. կամավոր ծառայել է ԱՀԱԸ Ստեփանավանի գրասենյակում, իսկ 1996-1997թթ. աշխատել ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակում՝ միաժամանակ փորձաշրջան անցնելով Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում:
1997թ.-ից առ այսօր աշխատում է որպես ԱՀԱԸ Գորիսի գրասենյակի ղեկավար, իսկ 2000թ.-ից՝ նաև Գորիսի Հայ Ավետարանական Եկեղեցու օգնական Հովիվ:
2001-2005թթ. աշխատանքի և ծառայության հետ համատեղ սովորել և ավարտել է Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիան՝ ստանալով աստվածաբանության բակալավրի որակավորում: 2009թ.-ին ՀԱԵ-ի կողմից ձեռնադրվել է հովիվ, ստացել «Վերապատվելի» տիտղոսը և լիարժեքությամբ ստանձնել Գորիսի ՀԱԵ հովվի պաշտոնը:
Աշխատանքին և ծառայությանը զուգահեռ՝ մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում:
1995թ.-ին ամուսնացել է Արմենուհի Բաղդասարյանի հետ: Ունեն մեկ աղջիկ և մեկ տղա: 2006թ.-ից խնամում են նաև Տերոջմով ննջած եղբոր՝ երջանկահիշատակ Վեր. Արա Օչինյանի 2 աղջիկներին:
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Կիրակի
ժամը 11.00- Միասնական պաշտամունք
ժամը 14.00- Պատանյաց ծառայություն
Հինգշաբթի
Ժամը 12.00- Աղոթաժողով և Սբ. Գրքի սերտողություն
Շաբաթ
ժամը 11.00- Մանկական ծառայություն
ժամը 13.00- Երիտասարդաց 2 շաբաթը մեկ
ժամը 13.00- Աշակերտաց 2 շաբաթը մեկ
Ժամը 15.00 – Տիկնանց