Եկեղեցու համառոտ պատմությունը
Խորհրդային տարիների՝ հոգևոր աճը սահմանափակող և ճնշող կարգերի փլուզումից հետո, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում հոգևոր արթնության քայլեր ուղենշվեցին։ Հետպատերազմյան Արցախում բարեգործական, հոգևոր, մշակութային ոլորտներում կարևոր նշանակություն ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունը, որի նպատակն էր ազգանվեր աշխատանքի միջոցով Բարի Լուրը տարածել։ Դրա վառ օրինակն էին 1996 թվականին Կարկառ գետի մերձակայքում կազմակերպված ճամբարները, որին երեք տարիների ընթացքում մասնակցեցին ավելի քան 2000 երեխա։
Հենց այս ժամանակահատվածում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին սկսեց իր կանոնավոր գործունեությունը՝ 1997 թ.-ին ունենալով իր եկեղեցաշենքը, իսկ արդեն 2009 թ.-ին պաշտոնապես գրանցվեց որպես եկեղեցի։ Մինչ այսօր, չնայած դժվարություններին, եկեղեցական համայնքը ծաղկում է, որում իրենց ծառայությունն են մատուցել իրար հաջորդող երեք հովիվ՝ վեր. Արամ Մկրտչյանը (2001-2018թթ.), վեր. Վարդան Ափինյանը (2018-2020թթ.) և պատ. Խաչատուր Խաչատրյանը (2020 թ․-ից սկսած):
Կայուն եկեղեցու ձևավորման հարցում կարևորվում են ոչ միայն կիրակնօրյա աստվածակենտրոն պաշտամունքները, այլ նաև քրիստոնեական դաստիարակության ծառայությունները։ Սա գիտակցնելով՝ յուրաքանչյուր կիրակի պաշտամունքներ են իրականացվում Ստեփանակերտի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում, որի հետ մեկտեղ՝ շաբաթվա կտրվածքով, իրականացվում են մանկական, պատանեկան, երիտասարդական ծառայություններ Ստեփանակերտում և Ասկերանում։
ՔԴ ծառայություններ էին իրականացվում նաև Շուշի քաղաքում։ 2020 թ․ սեպտեմբերի 11-13-ը «Պետրոսյան» ճամբարում երիտասարդական համագումարը վերջին հանդիպումն էր այժմյան Արցախի Հանրապետության տիրապետությունից դուրս գտնվող տարածքում։ Ընդամենը 14 օր անց՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմ, որի հետ մեկտեղ՝ «անապատային շրջան» ինչպես հայրենիքի, այնպես էլ՝ ժողովրդի, եկեղեցական համայնքի համար։
Ուղիղ 44 օր անց՝ նոյեմբերի 10-ին, մարտական գործողություններն ավարտվեցին, սակայն այդ օրերի հոգևոր և ֆիզիկական վնասների վերականգնման համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու։ Նոյեմբերի 15-ից սկսած՝ ՀԱԵ ծառայակիցներ մեկնեցին Արցախ՝ հայրենիքին և համայնքակիցներին իրենց ներկայությամբ սատարելու, ինչպես նաև վերականգնման աշխատանքներ սկսելու։
2020թ.-ի նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ հետպատերազմյան առաջին պաշտամունքը։ Տևական դադարից հետո եկեղեցաշենքը կրկին շունչ էր ստացել։ Աստծո զավակները եկել էին՝ բերելով իրենց ցավերն ու հարցերը միակ Բժշկի ու Ուսուցչի մոտ։ Պատերազմը եկավ բոլորի համար տեսանելի կերպով հաստատելու՝ ժամանակներն անցնում են, դրանք ողբերգական կամ բերկրալի դարձնող իրադարձությունները՝ նույնպես, և միակ մնայունն ու անփոփոխն Աստծո Խոսքն ու ներկայությունն է։ Հենց սա չկասեցնելու և շարունակելու նպատակով առաջին պաշտամունքին հաջորդող երկու շաբաթներն իրար փոխարինելով՝ եկեղեցում ծառայեցին ՀԱԵ հովիվներն ու քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները՝ իրականացնելով անհատական և համայնքային աշխատանք։
Պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 13-ին, Արցախի ՀԱԵ-ում նոր հոգևոր հովիվ նշանակվեց՝ պատ. Խաչատուր Խաչատրյանը․ համայնքի հետ միասին որոշ ընթացք անցնելով և քայլեր ձեռնարկելով՝ Աստծո առաջնորդությամբ վերսկսեցին ինչպես կիրակնօրյա պաշտամունքները, այնպես էլ՝ ՔԴ ծառայությունները Ստեփանակերտում և Ասկերանում։
Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, անցնելով հետպատերազմյան ծանր շրջան, Աստծո աջի ներքո փորձում է աճել, բարձրանալ և իր գործունեությամբ առ Աստված ուղղել հայրենիքի, ժողովրդի հայացքը։
Հովվի կենսագրությունը
Պատվելի Խաչատուր Խաչատրյանը ծնվել է 1966թ.-ին՝ Վանաձորում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունը: Ավարտել է նաև Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանը և աշխատել «Ավտոմատիկա» գործարանում։ 1992 թ.-ին հնարավորություն է ստացել մասնակցելու Արզնի քաղաքում կազմակերպված քրիստոնեական հոգևոր ճամբարին, որտեղ և ապաշխարել է՝ կյանքը հանձնելով Աստծուն։ 1993 թ․ից սկսել է ծառայել Վանաձորի ՀԱԵ-ում՝ որպես երիտասարդական խմբի առաջնորդ, իսկ ամռան շրջանում՝ ծառայել է ճամբարներում՝ որպես պատանյաց և երիտասարդաց խմբերի առաջնորդ։ 1996 թ․-ից ներգրավվել է Վանաձորի ՀԱԵ բոլոր ծառություններում։ 2007 թ․-ից Ստեփանավանի ՀԱԵ հոգևոր հովիվն է եղել։ Նույն թվականից նաև քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում ունի: 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ից՝ հետպատերազմական Արցախի համար ծանր ժամանակաշրջանում, ստանձնել է Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովվությունը: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։
ԵԿԵՂԵՑՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿ
ՕՐ | ԺԱՄ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Երկուշաբթի |
17:00 |
Տիկնանց ծառայություն |
Երեքշաբթի
|
18:00 |
Ծառայությունների նախապատրաստում |
Չորեքշաբթի |
17:00 18:00 |
Երգչախմբի փորձ Պատանյաց ծառայության նախապատրաստում |
Հինգշաբթի |
18:00 |
Երիտասարդաց պաշտամունք |
Ուրբաթ |
17:00 |
Սուրբ Գրքի սերտողություն ծառայողների համար |
Շաբաթ |
14:00 18:00 |
Մանուկների փոքր խմբի ծառայություն Աղոթաժողով |
Կիրակի |
11:00 13:00 15:00 |
Ընդհանրական պաշտամունք Պատանյաց ծառայություն Կիրակնօրյա դպրոց մանուկների համար |