2022 թ.-ի փետրվարի 11-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ցավալի կորուստ ունեցավ. 64 տարեկանում ծանր հիվանդությունից ի Տեր ննջեց ՀԱԵ Թումանյանի հոգևոր հովիվ Ռոբերտ Մխիթարյանը: Մեր հոգևոր եղբոր մահն անժամանակ էր, բայց հույսը, որ նա միացել է մեր Տիրոջը, թույլ է տալիս մխիթարվել ու հիշել Առաքյալի խոսքերը, թե Տիրոջ ծառայի համար ապրելը Քրիստոս է, մեռնելը՝ շահ (Փիլիպեցիս 1:21): Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին ցավակցում է Ռոբերտ Մխիթարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ծառայակիցներին, հավատակից քույրերին ու եղբայրներին: Ստորեւ ներկայացնում ենք Ռոբերտ եղբոր անցած ուղին:
Ռոբերտ Մխիթարյանը ծնվել է 1958 թ.-ին, Թումանյան քաղաքում:
1976 թ.-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1977-1979 թթ. ծառայել է սովետական բանակում:
1980թ.ից սովորել է Ուկրաինայի Խարկով քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտում և բնակվել այդ քաղաքում մինչև 1996 թ.-ը:
1996-2002 թթ. բնակվել է Գերմանիայի Շյոնբերգ քաղաքում, այնտեղ էլ գտել է Աստծուն, ապաշխարել, այնուհետև 3,5 տարի սովորել է աստվածաշնչյան քոլեջում:
Ավարտելով այն՝ 2002 թ.-ին ծառայության տեսիլքով վերադարձել է իր ծննդավայր Թումանյան: Նույն թվականին, միանալով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությանը, լծվել է Թումանյանում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հիմնադրման գործին: Ռոբերտ եղբայրը հաճախ էր հիշում, որ 2002 թ.-ի սեպտեմբերին, երբ տեղի ունեցավ Թումանյանի եկեղեցու առաջին պաշտամունքը, ընդամենը 4 հոգի էր ներկա: Բայց տարիների ընթացքում, Աստծո օրհնությամբ եկեղեցին աճեց, քրիստոնեական դաստիարակության ծառայություններն ակտիվացան: Աստծո Խոսքը տարածվեց մանուկների, պատանիների, երիտասարդների ու տարեցների շրջանում:
Ռոբերտ Մխիթարյանի կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու Աստծուն նվիրվածությունը վկայություն էր շատ թումանյանցիների համար, ովքեր եկեղեցում գտնում էին հովվի մխիթարությունը, աջակցությունն ու քաջալերանքն Աստծո խոսքով: Ռոբերտ Մխիթարյանն իրեն ճանաչողների սրտում կմնա որպես Աստծո հավատարիմ ծառա, կենսուրախ, հումորով, լավատես եղբայր: Նրա թողած ավանդը մեծ է, Աստծո Խոսքով կրթված սերունդները նրա ծառայության լավագույն գնահատականն են:
Ռոբերտ Մխիթարյանն ամուսնացած էր Սեդա Շահվերդյանի հետ: Նրանք ունեն 2 զավակ: