.
Երկօրյա համագումար ՀԱԵ Վանաձորի երիտասարդների համար

2022 թ. փետրվարի 18-20-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Վանաձորի երիտասարդների համար աննախադեպ օրեր էին։ Ձյունառատ Հանքավանի «Շողիկ» ճամբարը հյուրընկալել էր 50-ից ավելի երիտասարդների ու երիտասարդության շեմին հասած պատանիների: Երկօրյա համագումարի նպատակը երիտասարդական խմբի նոր անդամների ներգրավվածությունն ակտիվացնելն ու Աստծո Խոսքի շուրջ համախմբելն էր: 

Ակտիվ դահլիճային ու սպորտային խաղերը, համատեղ կինոդիտումները, Աստծո Խոսքից պատգամներն ու փոքր խմբերում դրանց գործնական քննարկումները յուրահատուկ մտերմիկ մթնոլորտ էին ստեղծել: Երիտասարդները լսում էին Աստծո Խոսքը, քննարկում, հարցեր ուղղում, խոսում իրենց մտահոգությունների ու օրհնությունների մասին: 

Համագումարի ընդհանուր թեման «հարաբերություններն» էր՝ մարդ-մարդ, մարդ-Աստված, հարաբերություններ ընտանիքում, շրջապատում, ամենուր: Հայտագիրն այնպես էր կառուցված, որ երիտասարդները նախ ծանոթանան իրական հարաբերություններին մինչև մեղքով աղավաղվելն ու դրանից հետո, լսեն նաև նախնական հարաբերությունների վերականգնման հնարավորության ու միջոցի մասին: 

ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանից բացի, որպես խոսնակ հրավիրված էին ՀԱԵ Իջևանի հոգևոր հովիվ վեր. Ալբերտ Փայտյանն ու Երևանի ՀԱԹ-ի հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը: 

Վեր. Ալբերտ Փայտյանը խոսեց Ծննդոց 1-3 գլուխների շուրջ՝ «մարդ -մարդ» հարաբերությունների մասին մինչև մեղքը։

Վեր. Ավետիք Խաչատրյանն անդրադարձավ Ա. Պետրոս 5.8-ում նկարագրվող մեղքի բնությանը, դրանով աղավաղված ժամանակակից աշխարհի չափանիշներին, ու շեշտեց արթուն լինելու կարևորությունը, այնուհետև խոսեց առողջ՝ Աստծո սահմանած հիմքերի վրա կառուցվող հարաբերությունների ու անհատից ընտանիք անցնող ուղու մասին:

Վեր. Վարդան Ափինյանը որպես համագումարի ամփոփում՝ խոսեց Բ Կորնթացիս 5. 18-20 շուրջ՝ Աստծո հետ հաշտեցման մասին։ 

Համագումարի ընթացքում երիտասարդները բացառիկ խանդավառությամբ էին փառաբանում Աստծուն, ու հաճույքով միանում էին աղոթքի բոլոր պահերին: Իսկ մենք աղոթում ենք, որ այս հիանալի ծրագրի մեջ Աստված փառավորվի և Իր պտուղը տա ճիշտ ժամանակին։

 

Աննա Թունյան

ՀԱԵ Վանաձորի ՔԴ պատասխանատու

Նախորդ
...
X