.
Գործնական սեմինար ՀԱԵ ՔԴ ծառայողների համար

«Եվ ինչ-որ կանեք, սիրով արեք, որպես թե Տիրոջ համար եք անում և ոչ թե մարդկանց» Կողոսացիների 3։23

Փետրվարի 19-ին Բաղրամյան 18-ում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ծառայողների հերթական սեմինար-հանդիպումը, որին մասնակցեցին Երևանի, Աբովյանի և Վարդենիսի քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ավելի քան երեսուն ծառայող: Սեմինարը սկսվեց Աստծո Խոսքի պատգամով: ՀԱԵ ՔԴ տնօրեն Վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց ծառայությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Յուրաքանչյուր ծառայող պետք է մեծ պատասխանատվություն ունենա այն ծառայության նկատմամբ, որը վստահվել է իրեն. չէ՞ որ մի օր բոլորս էլ Աստծո առաջ հաշվետու ենք լինելու: Սա սթափեցնող և պարտավորեցնող խոսք է: Չլինի թե մի օր կանգնենք Աստծո առաջ և Նա մեզ ասի. «Չեմ ճանաչում ձեզ»: 

Սեմինարը բաղկացած էր երկու հիմնական մասերից: Առաջին մասում ՔԴ աշխատակից Լիլիթ Անտոնյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է կիրակնօրյա, պատանյաց և երիտասարդաց խմբերի համար կազմել կիսամյակային դասաշարերի ծրագիր, ի՞նչ կառուցվածք և չափանիշներ պետք է ունենան այդ դասաշարերն ու դասերը: Խոսվեց նաև առաջնորդի՝ որպես քրիստոնեական դաստիրակության կազմակերպչի դերի և նշանակության մասին։ Առաջնորդները պետք է ոչ միայն աստվածաշնչյան գիտելիքներ փոխանցեն, այլև երեխաների մեջ դաստիարակեն հայրենասիրություն, բնության նկատմամբ հոգատարություն, կարևորեն նաև տարբեր կամավորական աշխատանքների կազմակերպումը և անդրադառնան երեխաների կյանքին առնչվող այլ խնդիրներին ու հարցերին, որպեսզի նրանք կարողանան իրենց լսածն ու սերտածը կիրառեն կյանքում։ 

Սեմինարի երկրորդ փուլում ՔԴ աշխատակից Արման Աթայանը խոսեց եկեղեցիներում սպորտային ծրագրերի կարևորության և անհրաժեշտության մասին: Ներկայացրեց, թե ինչպես այդ ծրագրերը կարող են ավետարանչության լավ հնարավորություն լինել, ինչպես նաև կիսվեց մի քանի եկեղեցիների նմանօրինակ փորձով: 

Սեմինարի ընթացքում մասնակիցները, տարբեր խաղերի և գործնական աշխատանքների շնորհիվ, հնարավորություն ունեցան կիրառել սեմինարի ընթացքում լսած նյութերը, մյուս ծառայողների հետ կիսվել փորձով, ինչպես նաև հետաքրքիր խաղերի միջոցով նորովի բացահայտել միմյանց:

 

Լիլիթ Անտոնյան
ՀԱԵ ՔԴ աշխատակից

Նախորդ
...
X