.
ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ 4 կամ ԹՈՂ ՔՈ ԱՃՆ ԱՄՈՒՐ ԼԻՆԻ

Մինչ գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհը ծածկվել էր վերադարձած ձմռան սպիտակով, այդ լեռնաշխարհի փոքրիկ անկյունում աշխարհից զատված խոսում էին «կանաչ» -ի մասին: 

«Եվ եթե դուք այս բույսերին խնամք եք տանելու, կոչ եմ անում, որ այդպես խնամք տանեք ձեր հոգիների և մտքերի համար, այն կերակրե՛ք Աստծո Խոսքով…»,- ասում էր պատգամաբեր վեր. Վարդան Ափինյանը՝ ամփոփելով վերջին օրերի պատգամների ու դրանցից բխող մարդկային ներքին փոփոխությունների շղթան:

Մարտի 31-ից ապրիլի 2-ը իրականացավ «Հետևորդներ 4» համագումարը. մեկտեղվել էին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու աշակերտաց խմբերը: Հավաքվել էին՝ փոփոխվող ժամանակաշրջանում անփոփոխ ու մնայուն Խոսքը սերտելու, սովորելու Հիսուս Քրիստոսի Խոսքը կրողներ ու արտացոլողներ լինել: Աշակերտները 12-ը չէին, այլ շուրջ 230-ը. միախմբվել էին ոչ թե պարտեզում, այլ Հանքավանի «Շողիկ» ճամբարում: 

Կենտրոնական հատվածներում ամենուրեք բույսեր էին, որոնց նայելով՝ ներկաներից յուրաքանչյուրը տեսնում էր իր հոգու կարգավիճակը: 3 օր շարունակ աշակերտները նայում էին բույսերին, տեսնում իրենց պատկերը և լսում անձնական աճի կարևորության մասին: Բեմահարթակից կոտրվում էին դեպի սիրտ տանող ճանապարհը խոչընդոտող պատեր, և խոսքերը ցանվում էին պարարտ սրտերում: 3 օր շարունակ աշակերտների Սուրբ Գրքում հներին նոր նշումներ էին գումարվում, ընդգծվում էին նոր տողեր: 230 պատանի և երիտասարդ՝ Հայասյտանի ու Արցախի տարբեր անկյուններից, սովորում էին աճել. աճել շնորհքով և գիտությամբ, աճել հնազանդության մեջ, աճել՝ ամուր հիմքեր դնելով: 

Աճին օգնող պարարտանյութը սերն էր. սեր՝ կողքին կանգնած մտերիմի, առաջին շարքում նստած այն երիտասարդի, ում անունն անգամ անհայտ էր, և նույնիսկ նրա հանդեպ, ով չմտածված խեթ հայացք էր գցել…

Համագումարային րոպեները հագեցած էին. միջեկեղեցական ծանոթություններ, քաղցր ու քաղցրախոս ընդմիջումներ, ինքնաբացահայտող ու կարիքից բխող սեմինարներ, միտքը ճկող դահլիճային խաղ, փոխվստահություն սովորեցնող թիմային և ձնախառն էքստրիմ խաղեր, գիշերային լուսավոր վոլեյբոլ, աշակերտն աշակերտին առաջնորդող փառաբանություն առ Աստված, միևնույն հարցերին բախվող աշակերտական ելույթներ, սրտի դիրքը բացահայտող առավոտյան և լիաթոք ծիծաղ պարգևող երեկոյան ներկայացումներ, ցրտին՝ ջերմ խարույկ և ինքնաբուխ փառաբանություն բաց երկնքի տակ: Եվ սրա հետ մեկտեղ՝ կարևորագույնն ու կենտրոնականը՝ Աստծո Խոսքի նորովի բացահայտում: 

Երկու մտերիմ ընկերներ կողք կողքի նստած. մեկը ջրում էր իր հողը, իսկ մյուսը ձգվում՝ հողում ավելի խոր արմատներ գցելով: Երկու մտերիմ նայում էին իրար և չէին տեսնում հոգում կատարվողը: Երկու ընկեր տեսնում էր ՄԵԿԻՆ, ով դիտում էր ներսից, քննում սիրտը, հիանում էր, քանի որ բույսն իրենն էր, սերմը՝ խոսքը, իրենն էր, որ դրել էր այս հողի մեջ և հիմա դիտում էր՝ ինչպես է բույսը մեծանում ու ավելի արմատավորվում Իր միջոցով, Իր մեջ: 

Ոմանք ազատվեցին մոլախոտերից, որոշները փխրեցրին կոշտացած հողը, շատերը ծարաված ջրեցին իրենց, մյուսներն էլ վերցրին ու հատեցին խանգարող ու անպետք չորացած տերևները: 

Երեք օր անց 230 աշակերտ իր բույսը ձեռքին վերադառնում էր տուն, որպեսզի ամեն անգամ նայելով դրան՝ հիշի աճելու, ավելի խոր արմատներ գցելու, աստվածճանաչողության և աստվածպաշտության մեջ ավելի ամուր հիմք ունենալու կարևորության մասին: Վերադառնում էր իր բույսին և ինքն իրեն կրկնում՝ թող քո աճը ամուր լինի, թող քո աճը պտուղ բերի: 

Մինչ աշխարհը լցված էր սպիտակի սառնությամբ, այդ աշխարհի փոքրիկ անկյունում, աշխարհից զատված՝ խոսում էին «կանաչ» -ի մասին, որոշում լինել դրա լավագույն կրողները և հաստատուն քայլերով գնալ սպիտակ սառն աշխարհում կանաչ ջերմություն լինելու:

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X