.
Երիտասարդական համագումար Շիրակամուտի ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտի, հունվարի 12-ին երիտասարդական համագումար էր կազմակերպել, որին մասնակցեցին ավելի քան 50 երիտասարդներ Վանաձորից, Ստեփանավանից եւ Շիրակամուտից: Ծրագրի ընթացքում հյուրասիրությունից, հետաքրքիր ժամանցից ու խաղերից բացի, երիտասարդները հնարավորություն ունեցան քննարկումներ ծավալելու իրենց հետաքրքրող թեմաների շուրջ: Մասնավորապես քննարկեցին թե ի՞նչ է տալիս աշխարհը, եւ ի՞նչ կարող է տալ Աստված երիտասարդներին, սերտեցին Նոր Կտակարանից Ա.Հովհաննու 2.15-17 եւ Մաթեւոս 7.13-14 համարները:

Բանախոսը՝ ՀԱԵ Վանաձորի քրիստոնեական դաստիարակության փորձառու ծառայող Մարիամ Գրիգորյանը, օգնեց երիտասարդներին տեսնել, թե Աստծուց հեռացնելու համար աշխարհն ինչպիսի գայթակղիչ միջոցներ է առաջարկում, որոնք, սակայն կործանման են տանում: Նշվեց, որ, այնուամենայնիվ Աստված մարդուն ազատ կամք է տվել, հետեւաբար երիտասարդն ինքն է ընտրելու՝ հետեւել աշխարհի հաճույքների՞ն, թե՞ Արարիչ Աստծուն:

Երիտասարդների հանդիպումն ամբողջացվեց խմբակային լուսանկարով:

Շիրակամուտում առաջին անգամ էր նմանատիպ երիտասարդական համագումար կազմակերպվել, բայց ՀԱԵ Շիրակամուտի հոգեւոր հովիվ՝ պատվելի Վարդան Ափինյանի խոսքով՝ դրական փորձառության շնորհիվ, նմանատիպ համագումար, հավանաբար, տարին 2 անգամ կկազմակերպվի: 

Նախորդ
...
X