Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այս տարի եւս Սուրբ Ծնունդն անմոռանալի դարձրեցին Հայաստանի եւ Արցախի 45 տարբեր քաղաքներում եւ գյուղերում ապրող ավելի քան 9000 պատանիների ու մանուկների համար: Երեւանի ՀԱԵ Բաղրամյան 18-ում, Հայասա թատերախմբի դերասանները Քրիստոսի ծննդյան բարի լուրը փոխանցեցին «Ուրախության Գաղտնիքը» ներկայացմամբ: Փոքրիկ մուրացկանները, ովքեր ուրախանում էին խանութի ցուցափեղկին դրված ծաղրածու խաղալիքով՝ Սուրբ ծննդյան գիշերը պարզում են, որ ծաղրածուն իրական է, եւ ամենեւին էլ ուրախ չէ, նրան տանջում են անցյալում արած սխալներն ու դրանց մասին հիշողությունները: Երեխաների օգնությամբ ծաղրածուն լսում է Սուրբ Ծննդյան բարի լուրն ու, իր համար բացահայտում է մանուկ Հիսուսին: Նա հասկանում է, որ իրական ուրախության գաղտինքը հենց այդ փոքրիկ մանուկի մեջ է, ով ծնվել է ողջ մարդկությանը փրկելու համար: Ներկայացումից հետո երեխաները երգեցին ու պարեցին Ձմեռ Պապի հետ, եւ տուն վերադարձան նվերներով: