.
Հանդիպում-սեմինար ՀԱԵ կանանց ու աղջիկների խմբերի առաջնորդների համար
 
«...Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ»
Ա Կորնթացիներին 15.58:
 
Կորնթացիներին ուղղված Պողոս Առաքյալի հորդորը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց առաջնորդների համար Տիրոջ Խոսքը սերտելու մեջ հմտանալու և մշտապես աճելու քաջալերանք է: Այդ հորդոր-քաջալերանքին հավատարիմ՝ 2022թ.-ի մայիսի 29-ից 30-ը, 50-ից ավելի կին առաջնորդ հավաքվել էր սովորելու, վերհիշելու ու էլ ավելի ամուր հիմքերի վրա դնելու Սուրբ Գիրքը սերտելու հմտությունները:

2014թ.-ից, երբ ՀԱԵ-ն, ավագ հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի նախաձեռնությամբ, Արցախում և Հայաստանում նոր շունչ տրվեց կանանց միասնական ծառայություններին, աշխատանքային խումբ ձևավորվեց, Աստվածաշնչի սերտողությունները սկսեցին համակարգվել ու ծառայությունները համագործակցաբար իրականացվել: ՀԱԵ բոլոր համայնքներում Սուրբ Գրքի սերտողության կանանց բոլոր խմբերը սկսեցին նույն թեմաներն ուսումնասիրել՝ անցնելով Աստծո Խոսքի մեջ աճելու նույն ընթացքը: Վերջին 8 տարիներին բազմաթիվ սեմինարներ ու դասախոսություններ եղան, կանանց խմբերի առաջնորդները նաև անհատական աշխատանքներով վերապատրաստվեցին: Կանանց ծառայությունների որակի բարձրացման ցուցանիշ էր նաև անցումը պատրաստի թեմատիկ գրքերից դեպի Սուրբ Գրքի ինքնուրույն սերտողությունը. 2021թ.-ի սեպտեմբերից կանայք ուսումնասիրում են հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակը: 

Այս սեմինար-քննարկման նպատակն այդ սերտողությունների ընթացքն ամփոփելը, անհատական մակարդակով հնարավոր դժվարություններին արձագանքելն ու սերտողության գործիքակազմը ևս մեկ անգամ վերանայելն էր: 
Հանդիպման առաջին օրը մեկնարկեց պաշտամունքով: Փառաբանության երգերից ու աղոթքից հետո ներկայացվեց պատգամաբերը: ՀԱԵ Նոյեմբերյանի հոգևոր հովիվ պատվելի Դավիթ Բաբայանը կարճ խոսեց իր մասին, ավելի երկար պատմեց պատգամի նյութի՝ Հոբի գրքի սերտողության ընթացքի, երկար ժամանակ տրամադրելու կարևորության մասին: Այնուհետև, կարճ տեսանյութով ներկայացվեց Հոբի գրքի հիմնական հարցն ու բովանդակությունը: Պատվելի Դավիթ Բաբայանը խոսեց տառապանքի, մեր կյանքում հաճախ հնչող «ինչու՞»-ների ու Հոբի գրքում արծարծվող նույն հարցի մասին: Առաջին օրվա պատգամը հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանը հնչելու էր հաջորդ օրը: 

Ընթրիքից հետո սեմինարի մասնակիցները բաժանվեցին խմբերի, իրենց ծառայությունն ու հռոմեացիներին ուղղված նամակի սերտողությունն արժևորող հարցաթերթիկ լրացրեցին, այնուհետև խոսեցին Սուրբ Գիրքն ինքնուրույն սերտելու դժվարությունների ու օրհնությունների մասին: Խմբերում համեմատաբար փորձառու առաջնորդները սկսնակներին օգտակար եղան իրենց անձնական փորձառության մասին խոսելով, բարձրաձայնված խնդիրներին իրենց գտած լուծումները ներկայացնելով: Խմբային այս քննարկումներն օգնեցին, որպեսզի կանանց ծառայությունները համակարգող աշխատանքային խումբն առաջին օրվա ավարտին կարողանա կենտրոնանալ բարձրաձայնված խնդիրների վրա, իսկ հաջորդ օրը ներկայացնի դրանց լուծման հնարավոր միջոցները: 

Սեմինարի մասնակիցների համար հանդիպման առաջին օրն ավարտվեց աղոթքի համար հատկացված ժամանակով: ՀԱԵ գրեթե բոլոր համայնքների կանանց ծառայողներն աղոթեցին՝ փառք տվեցին Աստծուն ծառայության դաշտի համար, ու իմաստություն խնդրեցին Տիրոջ գործն ի փառս Իրեն ու լավագույնս կատարելու համար:
Հանդիպման երկրորդ օրը սկսվեց անհատական մենիկ պահով, իսկ նախաճաշից հետո շարունակվեց պաշտամունքով: Պատվելի Դավիթ Բաբայանը շարունակեց խոսել Հոբի գրքի մասին՝ պատասխանելով բարձրաձայնված «ինչու՞»-ներին. ամեն բան Աստծո փառքի համար է: 

Պաշտամունքից հետո սեմինարի մասնակիցները լսեցին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի դասախոսությունը՝ «Ինչու՞ և ինչպե՞ս սերտել Աստվածաշունչը» թեմայով: Ընթացքում վեր. Մելքոնյանն անդրադարձավ նաև այն խնդիրներին, որոնց բախվում են կանանց խմբերի ուսուցիչներն Ասվածաշունչը սերտելիս կամ այն համայնքին ներկայացնելիս, այն խնդիրներին, որոնք բարձրաձայնվել էին նախորդ օրը փոքր խմբերի քննարկումների ժամանակ: Վեր. Մելքոնյանն ուրախությամբ նկատեց, որ Աստծո Խոսքն ինքնուրույն սերտելու ծառայության մեջ ՀԱԵ կանանց խմբերի 50 տոկոսը հաջողել է, ու դա քաջալերական է, սակայն դեռ անելիք կա մյուսներին օգնելու հարցում: Այդ օգնությունը պետք է սկսել աղոթքով: Սեմինարի մասնակիցներից մի քանիսն աղոթեցին ՀԱԵ այն համայնքների համար, որտեղ դեռևս չկան կանանց ծառայություններ կամ առաջնորդներ: Որպես սեմինարի ամփոփ հուշաթերթիկ՝ առաջնորդներին բաժանվեց նաև աշխատանքային խմբի կողմից պատրաստված ուղեցույցը՝ Աստվածաշունչը սերտելու քայլերի հերթականությամբ, հայերեն ու ռուսերեն գրքերի և այն էլեկտրոնային աղբյուրների հղումներով, որոնք ընթացքում ներկայացրել էր աշխատակազմի անդամ Ցոլինե Միքայելյանը:  

Սեմինարի ավարտին մասնակիցներին գործնական աշխատանք առաջարկվեց. սերտել Ա Տիմոթեոս 1.12-15 համարները, իսկ սերտողության արդյունքներն ուղարկել կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանին՝ մեկ շաբաթվա ընթացքում՝ որպես դասընթացի քննություն: 

Աստծո Խոսքը միասին սերտելու ու Տիրոջ գործի մեջ ամեն ժամ առաջ գնալու օրհնությունների մասին վկայությունները քաջալերական էին ու հուսադրող: Կանայք իրենց համայնքներ վերադարձան վերազինված ու Տիրոջ փառքի համար իրենց լավագույնն անելու համոզմամբ: 
Նախորդ
...
X