.
«Հայրիկը». Ներկայացում՝ նվիրված Հալեպի հայ որբանոցի հիմնադիր վեր. Ահարոն Շիրաջյանի հիշատակին

«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» 
Հովհ. 15.13

 

Բեմում իրարանցում է, բոլորը խմբվել են ալեհեր մի մարդու շուրջ, որի ձեռքում փոքրիկ երեխա է. «Խմի՛ր, փոքրիկս, խնդրում եմ, խմի՛ր… Ասատու՛ր, ինչու՞ չի խմում»,- «Հանգիստ թողեք նրան, պատվելի՛, մենք ուշացանք…»,- պատասխանում է բժիշկը: Ալեհեր պատվելին ամուր սեղմում է կրծքին փոքրիկի անշարժ մարմինը. «Թող հայուն բեկորները փողոցը չմեռնին...»: 

 

100 տարի առաջ, երբ Օսմանյան Թուրքիայի թեթև ձեռքով կոտորվում էր մի ողջ ժողովուրդ, գործնականում ինքնազոհ սեր ապրող հերոսներ կային, որոնց մեջ քիչ չէին նաև Հայ Ավետարանական հովիվները: Նրանց մասին, սակայն, քիչ է խոսվում, և միայն նեղ շրջանակներում է հայտնի: Այդ նվիրյալներից էր ՀԱԵ հովիվ, վերապատվելի Ահարոն Շիրաջյանը: Նա հայտնի էր որպես որբերի հայրիկ, անապաստան հայուհիների պաշտպան ու բարերար։ «Պատվելիի որբանոց», «Հալեպի օրհնության տուն». այսպես է կոչվել Հալեպի Ագապա թաղամասում Շիրաջյանի նախաձեռնությամբ 1915 թ. բացված որբանոցը, որտեղ մինչեւ 1924 թ. ապաստան է գտել շուրջ 13 000 հայ որբ։ Այստեղ նրանք սովորել են տարբեր արհեստներ, կրթություն են ստացել ու դաստիարակվել են քրիստոնեական արժեքներով։ 

 

2022թ.-ի մայիսի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը կրկին բացահայտում էր ՀԱԵ նվիրյալներին ու մեկ դար առաջ նրանց կատարած սխրագործությունը: «Հայրիկը»՝ այսպես էր կոչվում ներկայացումը, որը նվիրված էր Հալեպի հայ որբանոցի հիմնադիր տնօրեն վեր. Ահարոն Շիրաջյանի հիշատակին: Փաստավավերագրական այս ներկայացումը պատմում էր, թե ինչպես է պատվելին դժվարին պայմաններում կարողացել պահել իր որբանոցը, որտեղ ապաստան են գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ մանուկները: Պատվելին այդ որբերի համար հայրիկ է եղել, այդ բառի ամենաուղիղ իմաստով։ 

Սցենարի հեղինակ և բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանը, օգտվելով բազմաթիվ արխիվային աղբյուրներից, կարողացել էր վերականգնել ոչ միայն պատմական փաստերը, այլև վերարտադրել որբանոցում տիրող տրամադրությունը: 

Վերապատվելի Ահարոն Շիրաջյանին մարմնավորում էր դերասան Սմբատ Ստեփանյանը, իսկ որբանոցի երեխաների համար հոգ տանող Տուտու մայրիկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն էր, թուրք սպային շատ համոզիչ մարմնավորում էր Արա Գևորգյանը: Այս և այլ պրոֆեսիոնալների կողքին թատերախմբի փոքրիկ դերասաններն էին, ովքեր, թեև ապրում են ոճրագործությունից մեկ դար անց, բայց կարողացել էին զգալ որբուկների ցավն ու վերապրել այն բեմում: 

        

Հանդիսատեսի համար յուրահատուկ անակնկալ էր Ահարոն Շիրաջյանի կրտսեր դստեր՝ 99-ամյա Արանուշի տեսաուղերձն ԱՄՆ-ից: Նրա կերպարը հանդիսատեսին հայտնի դարձավ ներկայացման ընթացքում, իսկ տեսաուղերձում լսեցին նրա հուզիչ խոսքերը՝ ուղղված Հայրիկին. «Հայրի՛կ, դուն ոչ միայն իմ հայրիկս եղար, այլ հազարավոր որբերի...»:

Ներկայացումն ավարտվեց խորհրդանշական պատկերով՝ դեռատի որբերից մեկի հարսանեկան լուսանկարի տեսարանով: Համատարած ցավի ու տառապանքի մեջ, սպիտակ զգեստով հարսնացուն հայ ժողովրդի վերածնունդ էր խորհրդանշում, ապրելու, արարելու ու անգամ մոխրից վեր հառնելու հայի կամքը:  

 

Եզրափակիչ տեսարանն էլ ավելի ազդեցիկ դարձավ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի ստեղծագործություններից մեկի շնորհիվ, որն առաջին անգամ էր հնչում:

Ներկայացումը 2 սեանսով մոտ 800 հանդիսատեսի ևս մեկ անգամ հիշեցրեց Աստծո մեծ գործի մասին, որի ծառա վեր. Ահարոն Շիրաջյանը միջոց եղավ հայապահպանության ու ապագա սերունդներին էլ լավագույնն անելու պատգամը փոխանցելու համար:

 

Նախորդ
...
X