.
Միասնական երիտասարդական համագումար Ալավերդիում

«Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո խոսքի համեմատ»: Սաղմոս 119.9

2022թ.-ի մայիսի 14-ին «երիտասարդի ճանապարհները» բացահայտելու համար Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Ալավերդու երիտասարդներին իրենց հարկի տակ միացել էին մի քանի տասնյակ երիտասարդ Վանաձորից, Ստեփանավանից, Շիրակամուտից ու Նոյեմբերյանից:

Աստծուն պաշտելուց, փառաբանության երգերից ու աղոթքից հետո երիտասարդները բաժանվեցին 5 խմբի: Յուրաքանչյուր խմբում փորձեցին հասկանալ Սաղմոս 119.9 համարը՝ պատասխանելով հետևյալ հարցերին. Ինչու՞ երիտասարդը, ո՞ր ճանապարհները, ի՞նչ է նշանակում մաքուր պահել, ինչի՞ց մաքուր պահել, ինչպե՞ս:

Խմբային քննարկումներից հետո երիտասարդները վերադարձան եկեղեցասրահ և լսեցին ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ վերապատվելի Արթուր Օչինյանի պատգամ-ամփոփումը՝ նույն հատվածի շուրջ:

Համագումարի մնացած բաժինը հարստացավ բեմադրությամբ, ինտելեկտուալ և ժամանցային խաղերով, որոնց միջակայքում ևս փառաբանության երգեր բարձրացվեցին առ Աստված: 

Երիտասարդները տուն վերադարձան հստակ համոզմամբ, որ պետք է վերանայեն իրենց կյանքի ճանապարհները, որոնք լի են դժվարություններով, մարտահրավերներով, և պետք է լավ օրինակ լինեն շատերի համար:    

Նախորդ
...
X