.
«Սիրտս նման է․․․». երիտասարդական համագումար Հանքավանում

«Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտել է սներ․․․» Կոմիտաս

 

Կյանքի դժվարությունները, կորուստներն ու խնդիրները կամաց-կամաց քանդում են մեր սրտի սյուներն ու տանիքը՝ չթողնելով քարը քարին, իսկ ներսի կրակը հազիվ մլմլում է։ Հաճախ թվում է՝ ուր որ է տանիքդ կփլվի ու այլևս վերականգնման ոչ մի հույս չի լինի։ Բայց հենց այս անհուսության մեջ է, որ Աստված ասում է․ «Ես՝ Տերս, քո Փրկիչն եմ, և քեզ Փրկագնողը» (Եսայի 49.26)։

 

«Սիրտս նման է…» խորագիրն էր կրում երիտասարդական համագումարը, որը տեղի ունեցավ մայիսի 20-22-ը, Հանքավանի ՇԻԻՆ «Շողիկ» ճամբարում։ Համագումարի շուրջ 130 մասնակից առիթ ունեցան հայացք գցելու իրենց սրտի ներսի անկյուններին։ Ինչի՞ նման է սիրտդ․․․ այս հարցը հաճախ էր հնչում համագումարի ընթացքում, իսկ պատասխանը պետք է տար յուրաքանչյուր երիտասարդ՝ նայելով իր սրտի վիճակին։ Սակայն միայն մեր սիրտը չէ, որ նման է ավերակի․ մեր հայրենիքը, մեր հարաբերությունները միմյանց և Աստծո հետ արդյո՞ք ավերված և քանդված չեն։

 

Համագումարի պատգամաբերը՝ պատվելի Դավիթ Բաբայանը, նախ Դավիթ թագավորի օրինակով խոսեց քանդված ու կոտրված սրտերի, ապա Հոբի օրինակով՝ Աստծմով մխիթարվելու և Նրա խոսքի մեջ հաստատուն մնալու մասին։

 

Համագումարի նպատակը նաև երիտասարդներին միաբանության մղելն էր։ Այս հարցում օգնության եկան գործնական աշխատանքները, որոնք հաջորդեցին պատգամներին։ Նրանք քարերի վրա գրեցին, թե իրենց սրտում ինչը կցանկանային փոխել։ Վերջում քարերն ամրացրին իրար՝ ի նշան այն բանի, որ մենք միասին պետք է կառուցենք և փոխենք ինքներս մեզ։ Սակայն մենք միայնակ չենք կարող վերակառուցել ո՛չ մեր սիրտը, ո՛չ մեր հարաբերությունները և ո՛չ էլ մեր հայրենիքը։ Մենք ունենք Աստծո և Իր եկեղեցում լինելու, իրար հետ Փրկչին պաշտելու կարիքը։

 

Ուրեմն, լուսավորվելով Նրա՝ Միակի լույսից, լուսավորենք իրար, նորից քարը քարին դնենք, նորից կառուցենք մեր սիրտը, սիրենք ու խնամենք մեր մտերիմներին, ընկերներին, հարազատներին, մեր հայրենիքը, և Աստծո ձեռքից կարողանանք ընդունել այն, ինչը Նա սահմանել է մեզ համար։

 

Լիլիթ Անտոնյան

Նախորդ
...
X