.
Մեկօրյա համագումար ՀԱԵ տղամարդկանց համար

«Հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» Մարկոս 9.23

2022թ.-ի մայիսի 27-28-ը Հանքավանի Շողիկ ճամբարն իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում Աստվածաշնչի սերտողության տղամարդկանց խմբերի մասնակիցների համար: Գրեթե 70 տղամարդ Հայաստանի ու Արցախի տարբեր երկրներից մեկտեղվել էին Աստծուն միասնաբար պաշտելու, Խոսքը սերտելու և իրար հետ հոգևոր հաղորդակցության բերկրանքը վայելելու:

Համագումարի խոսնակը ՀԱԵ Արմավիրի հոգևոր հովիվ վեր. Գարուշ Անտոնյանն էր: Առաջին օրը, բացման պաշտամունքին, վերապատվելին խոսեց համագումարի խորագրի՝ Մարկոս 9.23 համարի շուրջ՝ շեշտելով կյանքի խնդիրներին ու դժվարություններին անսասան հավատքով դիմագրավելու կարևորությունը: Իսկ երկրորդ օրը պարզաբանեց, թե ի՞նչ է նշանակում լինել հաղթանակած քրիստոնյա տղամարդ: Խոսնակը հորդորեց  տղամարդկանց ճիշտ գնահատել իրենց կարգավիճակը, չխաբվել՝ իրենց պատկերացնելով հերոսներ՝ լավ աղոթողներ, Աստծուն պաշտողներ կամ լավ հավատք ունեցողներ, այլ կարողանան պատրաստ լինել խոստովանելու, ինչպես Մարկոսի ավետարանում նկարագրվող դիվահարի հայրն է արտասուքով ու աղաղակով ասում. «Հավատում եմ, Տե՛ր, իմ անհավատությանն օգնիր»։

Յուրաքանչյուր թեմայից հետո համագումարի մասնակիցները բաժանվում էին խմբերի, քննարկում լսած նյութը, անկեղծանում իրենց դժվարությունների մասին ու աղոթքի ժամանակ հատկացնում:

Համագումարն ավարտվեց Հաղորդության պաշտամունքով: Պատգամաբերը ՀԱԵ Ստեփանավանի հոգևոր հովիվ վեր. Հրանտ Բադալյանն էր: Պատգամի նյութն Ա Թագավորաց 15.13-23 հատվածն էր. հնազանդությունն առ Աստված ամենակարևորն է, թեև հնարավոր է, որ այն հակասի մեր մարդկային հասկացողությանը։ Եթե մեր սրտի գահին Տերն է, ուրեմն պետք է հնազանդ լինենք Նրան։ Հակառակ դեպքում կամակորությունը կռապաշտություն է, և ինքնին հակառակություն Աստծո դեմ (Ա Թագ․ 5։23)։

Սուրբ Հաղորդության հացն ու գինին մատակարարեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը:

Եղբայրները տուն վերադարձան կարևոր մտայնությամբ՝ Քրիստոսն է միակ հերոսը, իսկ մարդը սխալական է, ու կարևոր է գիտակցել այդ սխալականությունն ու Տիրոջ առջև անկեղծության կարևորությունը:  

Նախորդ
...
X