.
ՀԱԵ տարեկան համաժողով

Հունիսի 19-21-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 107 պատվիրակներն ու պատվո հյուրերը Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից հավաքվել էին Հանքավանի Շողիկ ճամբարում` որպես ՀԱԵ 2022թ.- ի համաժողովի մասնակից:

Այս տարվա համաժողովի պատգամաբերները Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի նորավարտ օգնական հովիվներ Արմեն Միսակյանը, Խաչիկ Նազարյանը և ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանն ու ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն էին: Համաժողովի բացման պաշտամունքին Գործք Առաքելոց 2.41-47, 4.32-37 համարների շուրջ խոսեց Խաչիկ Նազարյանը` վերնագրելով պատգամը «Եկեղեցին` որպես մեկ ընտանիք»: Համաժողովի առաջին օրն ավարտվեց ժամանցային-ինտելեկտուալ խաղերով:

Երկրորդ օրը սկսվեց պաշտամունքով, որի պատգամաբերն Արմեն Միասակյանն էր: «Եկեղեցին՝ որպես Քրիստոսի մարմին» ընդհանուր թեմայի մեջ անդրադառնալով Ա Կորնթ. 6.15-19, 10.16-17, 12.12-27 և Եփես. 1.23, 2.16 համարներին՝ Արմեն Միսակյանն առանձնացրեց Քրիստոսի մարմնի նորկտակարանյան 4 իմաստները (Քրիստոսի ֆիզիկական մարմինը, Տիրոջ ընթրիքի հացը, Աստծո տաճար, Քրիստոնյա հավատացյալների հավաքականություն):

Համաժողովի երկրորդ օրը հարուստ էր աշխատանքային ժողովներով, որոնց մեկնարկը տրվեց լռության րոպեով: Վերջին տարին ՀԱԵ պատմության մեջ ամրագրվեց ցավալի կորուստներով՝ ի Տեր ննջեցին 2 հովիվներ՝ վեր. Համլետ Կյուրեղյանը և Ռոբերտ Մխիթարյանը:    

Այնուհետև սկսվեց հաշվետվությունների շարքը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը ներկայացրեց հովիվների հետ իր կատարած աշխատանքը, խոսեց Մերձավոր Արևելքի աստվածաբանական դպրոցն ավարտած, ուսումը շարունակող ու նոր ընդունվել պատրաստվող ծառայողների, քարոզչության արտոնության ու ձեռնադրության թեկնածու հովիվների մասին, ինչպես նաև թարգմանված նոր գրքերի ու էլեկտրոնային նոր գործիքների վերաբերյալ, որոնք հովիվների ծառայությունն ավելի կդյուրացնեն: Վեր. Մկրտիչ Մելքոնյանը հայտարարեց նաև, որ 2022թ.-ի օգոստոսի 1-ից դադարեցնում է իր ծառայությունը Հայաստանում՝ որպես ավագ հոգևոր հովիվ, սակայն կշարունակի օգտակար լինել խորհրդատվական ծառայությամբ: Վեր. Մելքոնյանը համաժողովի մասնակիցներին հայտնեց նաև, որ ՀԱԵ բարձրագույն մարմնի՝ խորհրդի կողմից նոր ավագ հովիվ է ընտրվել Վեր. Հովհաննես Հովսեփյանը, ով իր լիազորությունները կստանձնի օգոստոսի 1-ից:

ՀԱԵ տարեկան համաժողովին մասնակցող պատվիրակներն ու պատվո հյուրերն անցած 10 տարիներն ու ՀԱԵ ավագ հոգևոր հովվի ծառայությունն արժևորելու հնարավորություն ունեցան: Ցուցադրվեց այդ տարիներին կատարված աշխատանքներն ամփոփոխ տեսաֆիլմ, որից հետո շնորհակալության ու երախտիքի խոսք հնչեց և աղոթք բարձրացվեց Վեր. Մկրտիչ Մելքոնյանի ու իր տիկնոջ՝ Հուրի Մելքոնյանի համար, ովքեր 10 տարի ծառայեցին Աստծուն ՀԱԵ-ում՝ խոնարհությամբ, սիրով ու նվիրվածությամբ՝ լավագույնն անելով Աստծո փառքի ու ՀԱԵ վերազարթոնքի համար: 

 

Աշխատանքային ժողովներին հաշվետվությամբ հանդես եկան նաև ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը, քարտուղար՝ պատ. Արամ Բաբաջանյանը, գանձապահ վեր. Սարգիս Օչինյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Հաշվետվություններով հանդես եկան նաև ՀԱԵ ՔԴ բաժինը, կանանց, տղամարդկանց ծառայությունները համակարգող հանձնախմբերը, ավետարանչության ու հովվական հանձնախմբերի ղեկավարները:

Համաժողովի երկրորդ օրն ավարտվեց մշակութային երեկոյով, հանդես եկան ՀԱԵ Վանաձորի Անի պարային համույթը, իսկ ՀԱԵ Թումանյանի ծառայող Հովհաննա Մխիթարյանը հիացրեց հանդիսատեսին իր ասմունքով՝ կատարելով նաև հոր՝ Ռոբերտ Մխիթարյանի ստեղծագործություններից:

Համաժողովի վերջին օրվա առաջին պաշտամունքի պատգամաբերը ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանն էր, ով խոսեց «Եկեղեցին՝ որպես հաստատություն» թեմայի շուրջ՝ անդրադառնալով Եփես. 2.19-22, Մատթ.5.13-16 համարներին:  

Համաժողովն ավարտվեց Հաղորդության պաշտամունքով, որի խոսնակը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Վերապատվելին խոսեց Ա Պետրոս 1.22-25 համարների շուրջ՝ կարևորելով իրար ջերմեռանդորեն սիրելու պատգամն ու այն գործնականում ապրելու անհրաժեշտությունը. «Քրիստոսի սերը զգացում չէ, կամք է... Ինչ կուզեք արեք, զգացումները գալիս ու գնում են, բայց Քրիստոսի սերը մնայուն է, որովհետև կամք է... Սիրեք իրար Քրիստոսի սիրով...»:

Նախորդ
...
X