.
ՀԱԵ կանանց ամառային համագումար Հանքավանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանայք երկար դադարից հետո դարձյալ միասին էին՝ ամառային համագումարի շրջանակներում: Վերջին անգամ 2019 թ.-ին էր, երբ ՀԱԵ կանանց խմբերը մեկտեղ հավաքվեցին Շուշիում և Հանքավանում: Այնուհետև սկսվեց համաճարակը, պատերազմը…

2022 թ.-ի հունիսի 23-25-ը ոչ միայն Աստծո Խոսքը սերտելու ու միաբանության մեջ Նրան երկրպագելու, այլև մեկուսացման ու ցավի տարիներն արժևորելու ու դրանց համար էլ Աստծուն փառք տալու օրեր էին:

Համագումարի առաջին երեկոն ծանոթության համար էր, ՀԱԵ կանանց բոլոր խմբերն առանձին-առանձին, պատմեցին, թե ինչպե՞ս կարողացան դիմագրավել 2019 թ.-ից հետո ստեղծված մարտահրավերները, ինչպե՞ս շարունակեցին սերտողությունները, երբ փակ էին բոլոր եկեղեցիները, ինչպե՞ս միավորվեցին աղոթքի և օգնության շուրջ, երբ Արցախը ցավի մեջ էր… Բոլոր վկայությունները Աստծո փառքի, Տիրոջ ողորմության ու շնորհքի մասին էին: Քաջալերական էր լսել, որ խմբերից մեծ մասում աղոթքն ու սերտողությունը շարունակվել է առցանց հարթակում, իսկ պատերազմի օրերին շատ եկեղեցիներ ապաստան են դարձել արցախցի ընտանիքների համար:

Շուշիի անկման ու Պետրոսյան ճամբարը կորցնելու հետևանքով, առաջին անգամ Հանքավանի կանանց համագումարին միացել էին նաև Արցախի և Սյունիքի մարզի ՀԱԵ քույրերը. 200-ից ավելի կանայք՝ լի Աստծո Խոսքը սերտելու փափագով ու աստվածահաճո կյանք ապրելու որոշմամբ:

Համագումարի այս տարվա խոսնակը ՀԱԵ ավագ երեցկին Հուրի Մելքոնյանն էր: Ընդհանուր խորագիրը՝ «Ինչի՞ համար եմ կանչված», հատվածը՝ Միքիա 6.8-ը. «Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ Աստծո հետ»:

Համագումարի առաջին օրը Հուրի Մելքոնյանը պատմեց իր վկայությունն ու ներկայացրեց համագումարի թեման, երկրորդ օրը խոսեց Միքիա մարգարեի, գրքի ներածության ու հիմնական թեմայի մասին: Խոսնակն անդրադարձավ նաև աշխարհի չափանիշներով որոշ սուտ պնդումների ու բացահայտեց այդ չափանիշների Աստվածաշնչյան ճշմարտությունը: Յուրաքանչյուր թեմայից հետո, կանայք խմբերի էին բաժանվում, ու ավելի փոքր թվով քննարկում լսած նյութը, գործնական քայլերի որոշում առնում ու աղոթում: Նույն խմբերով համագումարի մասնակիցները սկսում էին նաև օրը՝ մենիկ պահին խորհրդածում Աստծո Խոսքից նախապես ընտրված համարների շուրջ ու աղոթում: Այնուհետեւ միասնական պաշտամունք էր բարձրացվում առ Աստված, եւ լսում էին օրվա թեման:

Սերտողություններից ազատ ժամերին կանայք նաեւ ձեռային աշխատանք պատրաստելու, աշխույժ խաղեր խաղալու առիթ ունեցան: Նախավերջին օրվա երեկոն նշանավորվեց սուրբգրային ինտելեկտուալ խաղով, որով ամփոփվեց նաև նախորդ տարիներին միասնաբար սերտած «Աստվածաշնչի կանայք» գրքից ստացված գիտելիքները:

Կանանց աշխատանքային խումբը ՀԱԵ բոլոր կանանց անունից նաև շնորհակալություն հայտնեց ավագ երեցկին Հուրի Մելքոնյանին վերջին 10 տարիներին իր անմիջական ծառայության, հոգատարության ու կանանց ծառայություններում կարևոր նախաձեռնությունների համար: Առաքինի կնոջ լավագույն օրինակ լինելով՝ Հուրի Մելքոնյանն իր վկայությամբ ու Աստծո Խոսքին հավատարիմ կյանքով սովորեցրեց, քաջալերեց և ուղղորդեց ՀԱԵ կանանց՝ Աստծո աչքին գեղեցիկ լինելու ու քրիստոսակենտրոն կյանք ապրելու: 

Համագումարի ավարտն ազդարարվեց հաղորդության պաշտամունքով, որի պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց Ա Տիմոթեոս 6.11 համարի շուրջ՝ հորդորելով փախչել մեղքից ու չարությունից և գնալ դեպի Աստված։   

Նախորդ
...
X