«Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով, պատերազմում եք Ավետարանի հավատի համար»
Փիլիպ․ 1.27
Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 176 տարեկան է: Իր կազմավորման օրից մինչ այսօր ՀԱԵ-ն մեծ կարևորություն է տվել իր կոչմանն ու առաքելությանը, որ է.
- Քարոզել Քրիստոսի ավետարանի պատգամն աշխարհասփյուռ հայությանը և օգնել մարդկանց անձնապես ճանաչել, սիրել ու հնազանդվել Աստծուն:
- Հայրենանվեր ու հայրենասիրական ծառայություն մատուցել հայ ժողովրդին իրենց գտնված վայրերում:
Նմանօրինակ ընթացքն արձանագրված ու փաստված է անցյալի պատմության էջերում: ՀԱԵ-ի պատմության էջերը թերթելիս՝ գրեթե յուրաքանչյուր հանգրվանում միշտ ակնդիր ենք լինում այդ օրերի մարտահրավերներին ու դրանք դիմագրավելու կոչերին: 176 տարի անց, ՀԱԵ-ն այսօր էլ դիմագրավում է բազմապիսի մարտահրավերների և քիչ չեն նաև այսօր հնչող կոչերը: Կախված աշխարհագրական դիրքից, երկրի տնտեսական և քաղաքական ներկա վիճակից՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիները միգուցե տարբերվում են իրենց առօրյա մարտահրավերներով, բայց դրանք ընդհանրացնող մեկ ուղղություն կա, որն է՝ մեր անվանը և կոչմանը հավատարիմ ապրել և մնալ։ Իսկ մեր անունը Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի է:
ՀԱԵ-ն այսօր «Հայաստանյայց» մնալու առաքելությունն ունի:
Հայրենիքի սահմաններից ներս և դուրս, հայրենիքում և աշխարհով մեկ ցրված հայության մեջ, հային հայ պահելու, հայ լեզվամտածողությանը, մշակույթին ու ժառանգությանը տեր կանգնեցնելու առաքելությունն ունենք Անցյալում ձևավորված ավետարանական հարուստ ժառանգությունը հայ գիրն է՝ իր հոգևոր և հայրենասիրական հոդվածներով ու հրապարակումներով: Մտավորականությունն է՝ իր եկեղեցակենտրոն կյանքով, եկեղեցիներում ակտիվ ներկայությամբ ու գործունեությամբ: Կիրակնօրյա պաշտամունքն ու քրիստոնեական դաստիարակության բոլոր բնագավառներում ավետարանի պատգամը ուսուցանելն է: Եվ այս ամենի հետ միասին անհատի հայեցի, հոգևոր հոգեկերտումն է։ Որքան էլ որ ժամանակի մարտահրավերները մեզ առաջնորդում են ճկունության, որքան էլ որ հասանելի լինելու մեթոդները մեզ խրախուսում են ավելի լայն մտածողության, մենք միտված ենք մեր առաքելության մեջ մեր անվանը հավատարիմ քայլելու, մնալու «Հայաստանյայց» հայրենիքում և դրա սահմաններից դուրս:
ՀԱԵ-ն այսօր «Ավետարանական» մնալու առաքելությունն ունի:
«Ավետարանական» անունն ուղղություն չէ, հարանվանություն չէ, մեր ով լինելը վկայակոչող տերմին չէ, մնացյալ եկեղեցիներից մեր տարբերանշանը չէ: «Ավետարանական» անունը մեզ ավետարանին է կապում, ավետարանի վրա է հենում: Մենք չենք հենվում գաղափարի, արժեհամակարգի, կամ սկզբունքների վրա: Ավետարանն անձ է, ավետարանը նույն ինքը Քրիստոսն է՝ Իր ծնունդով, կյանքով, ուսուցումներով, նշաններով ու հրաշքներով, Իր փրկարար մահով, հարությամբ և համբարձմամբ: «Ավետարանական» անունը մեզ կապում է Քրիստոսին, իսկ եկեղեցական բեմը դարձնում Քրիստոսի ավետարանի մատակարարման միակ հարթակը: Քրիստոսի և Իր ավետարանի քարոզչությունն ու ուսուցումը, ապաշխարությունն ու անձի անհատական հոգևոր փորձառությունը՝ աստվածճանաչողությունը, քրիստոսակենտրոն առաքելությունն ու համայնքի հոգևոր կերտմանն ու աճին նպաստող ծառայություններն են մեզ դարձնում «Ավետարանական»։ Այս ամենով է նշանակավորում «Ավետարանական» անունը, որի զորությունն ու հենարանը Քրիստոսն է:
ՀԱԵ-ն այսօր «Եկեղեցի» մնալու առաքելությունն ունի:
Եկեղեցին մարդածին չէ, բայց կազմված է մարդկանցից, եկեղեցին մարդկանց հավաքականությունն է, բայց այդ հավաքն ինքնանպատակ չէ, այդ հավաքը մեզ եկեղեցի չի դարձնում, եթե այդ հավաքվածները կանչված չեն Աստծուց. կանչված աշխարհից դեպի Աստված, Իր Որդու փրկարար արյունով գնված, Սբ. Հոգու ներգործությամբ ամեն օր վերափոխվելու և կերտվելու Քրիստոսի հասակին և մտքին, վերադառնալու դեպի աշխարհ և դառնալու Աստծո դեսպանները, Իր Թագավորության համար ապրող, գործող անհատներ և հավաքականություն: Պողոսը հիշեցնում է մեզ մեր իրական քաղաքացիության և պատականելիության մասին Փիլ. 3.20-ում:
Եկեղեցին կանչված է «աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից» սկզբունքով (Հովհ. 17.11,14): Եկեղեցին կանչված է լինել եկեղեցի իր գտնված վայրում՝ բարձր պահելով Աստծո Թագավորության սկզբունքները: Կանչված է ապրելու քաղաքի ու գյուղի մեջ և ներսից հետևելով հասարակական կյանքի անցուդարձին` Աստծո Խոսքի վրա հենված կեցվածք, դիրք ու կարծիք արտահայտել, բարձրաձայնել Աստծո սերը ատելության և անհանդուրժողականության նկատմամբ, Աստծո արդարարութունը՝ անարդարության և բարոյազուրկ դրսևորումների նկատմամբ, Աստծո խաղաղությունը՝ պատերազմների մեջ տառապող հասարակությունների, անխաղաղ ընտանիքներում ցավ քաշող մարդկանց նկատմամբ: Նոր մշակների համար աղոթելը, մշակներ պատրաստելն ու այդ մշակներին ծառայության դաշտ ապահովելը շարունակում է մնալ մեր առաքելության կարևոր բաղադիչ։ Եկեղեցին եկեղեցի է, երբ մնայուն պտուղներ է ունենում՝ Որթի վրա ամուր կառչած մնալով:
Անդրադառնալով ՀԱԵ 175 ամյա պատմությանը, մենք դիմագրավում ենք ժամանակակից մարտահրավերներ։ Այսօր կարիք ունենք արժևորելու մեր ներկան և ապագայի տեսիլքով խոնարհվելու Աստծո առաջ ու ռազմավարական մոտեցում ցուցաբերելով մեր առջև դրված առաքելությանը, շարժվենք առաջ: Աստված Իր շնորքով և իմաստությամբ առաջնորդի ՀԱԵ-ն, որպեսզի իր երկար տարիների հայանպաստ և աստվածահաճո առաքելությունը շարունակի հայրենիքում և հայրենիքից դուրս, իր անվանն ու կոչումին հավատարիմ մնալով։
Վեր․ Հովհաննես Հովսեփյան