.
Վեր. Մկրտիչ Մելքոնյանի ծառայության գնահատանքի պաշտամունք

2022 թ.-ի հուլիսի 10-ը կարևոր ամսաթիվ էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու օրացույցում: Կիրակնօրյա պաշտամունքներից հետո Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններից ՀԱԵ հովիվներն ու համայնքի անդամները շտապել էին Երևան՝ երեկոյան ևս մեկ պաշտամունքի մասնակցելու. ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի՝ Հայաստանում ծառայության 10 տարիների գնահատանքի և այդ ծառայության համար Աստծուն շնորհակալության ու փառաբանության պաշտամունքին:

Հիսուս Քրիստոսի անունով ներկաներին ողջունեց վեր. Ավետիք Խաչատրյանը՝ նշելով, որ Տիրոջ ողորմությունն այնքան առատ է, որ թույլ տվեց մեկ օրում երկու պաշտամունք մատուցել Իրեն. «Խառը զգացումներով, բայց ԻՐԵՆ պաշտելու մեկ մղմամբ ենք հավաքվել, որովհետև Տիրոջն ենք սիրում, ուրախանում ենք ԻՐ գործերով»: Ա Մնացորդաց 16-րդ գլխի Դավթի սաղմոսով վեր. Խաչատրյանը պաշտամունքի կոչ արեց:

Փառաբանության երգերի շարանը յուրահատուկ գործիքավորմամբ ամբողջացրեց պաշտամունքի առաջին բաժինը: Փառաբանության աղոթքի համար ամբիոնին մոտեցավ վեր. Հրանտ Բադալյանն ու կարդաց Սաղմոս 100-ը:

«Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ… ահա այն համարը, որն ամենից հաճախ լսել ենք Վեր. Մկրտիչ Մելքոնյանից: Մեր եղբայրը ծառայեց այդ հոգով և փորձեց մեզ էլ առաջնորդել, որ այդ հոգով ծառայենք»: Վեր. Բադալյանը փառաբանության աղոթք բարձրացրեց՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն նաև վեր. Մկրտիչ Մելքոնյանի ու նրա անձնվեր ծառայության համար:

Գնահատանքի պաշտամունքը շարունակվեց տեսանյութով, որն անակնկալ էր վեր. Մելքոնյանի համար. կենսագրական կարևոր դրվագներ, 10 տարվա ծառայության ամփոփում և ՀԱԵ հովիվների արժևորում՝ ի՞նչ կարևոր բան սովորեցին ավագ հովվից:

Գնահատանքի խոսք հնչեցրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն ու ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը:

Պարոն Խանջյանը վեր. Մելքոնյանին համեմատեց բարի հովվի հետ, ով կարգապահ է, աշխատասեր, խոնարհ, սովորող ու սովորեցնող, զննող ու տեսնող, համբերատար առաջնորդ ու մեծ եղբայր: Զավեն Խանջյանն ԱՀԱԸ գրասենյակների անունից նաև խորհրդանշական նվեր՝ գրիչ հանձնեց վեր. Մելքոնյանին:

Վեր. Ալբերտ Փայտյանն իր խոսքը սկսեց Ժողովողից մեջբերմամբ. «Ամեն բանի ժամանակ կա… ու երանի այն մարդուն, ով իր ծառայության արդյունքում արժևորվում ու գնահատանքի է արժանանում: Վեր. Մելքոնյան, քաջալերվե՛ք Ձեր ծառայությամբ ու հիշե՛ք, որ եկեղեցու կենտրոնական սյուներից մեկն եք»:  Վեր. Փայտյանը ՀԱԵ-ի անունից նաև հուշատախտակ նվիրեց, որի վրա Մաթևոս 25.21 համարն էր ու երախտագիտության խոսքեր:

Պաշտամունքի հետագա բաժինն առաջնորդեց վեր. Գևորգ Գասպարյանը՝ հրավիրելով ոտքի վրա երգել «Կա՞յ երբեք ընտիր հովիւ մը» երգը, որից հետո հովվական աղոթք բարձրացրեց:

Պաշտամունքի պատգամաբերը վեր. Հովհաննես Հովսեփյանն էր: Խոսելով Բ Թեսաղոնիկեցիներին 2.13-15 համարների շուրջ՝ վերապատվելին շեշտադրեց ավանդությունները պահելու կարևորությունը. այն ինչ Պողոսը ստացավ Տիրոջից և նույնը մեզ ավանդեց: Քրիստոսից ստացված ավանդությունները՝ ուսուցումը, որ դարեդար հավատարմությամբ անփոփոխ ձևով փոխանցվել է, այսօր մեզ է վստահվել, որ փոխանցենք:

Պաշտամունքին նաև Սուրբ Հաղորդության սեղան էր բացված, որի մատակարարման համար բեմ հրավիրվեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանը: Վերապատվելին նախ շնորհակալության խոսք հնչեցրեց, առաջինը՝ Աստծուն, որ հայրենիքում ծառայելու առիթ ստեղծեց, երկրորդ՝ տիկնոջը՝ Հուրիին ու 3 աղջիկներին, ովքեր համբերատարությամբ տարան իր առաքելության այս 10 տարիները, երրորդ՝ ԱՀԱԸ-ին, որ առաջարկեցին ու քաջալերեցին Հայաստանում ծառայել: Վերջին խոսքն ուղղված էր ՀԱԵ հովիվներին. «Իմ թանկագի՛ն պատվելիներ, ես ձեզ սիրում եմ, դուք էլ իրար սիրե՛ք, խոսե՛ք, քաջալերե՛ք, և Քրիստոսի Ավետարանին վայել կերպով ապրեցե՛ք… հաստատուն եղե՛ք ու հավատարիմ եղե՛ք իրար մեկ հոգիով ու մեկ շնչով, դա է լավագույն ծառայության ամենամեծ երաշխիքը»: Վեր. Մելքոնյանը նկատեց նաև, որ  Քրիստոսի Ավետարանին վայել կերպով ապրելու համար կոտրվեց Քրիստոսի մարմինն ու այսօր բացված է Սուրբ Հաղորդության սեղանը:

Գնահատանքի պաշտամունքն ավարտվեց «Ինք է Տէր» երգով ու Վեր. Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով:

Պաշտամունքից հետո դեռ երկար ժամանակ հյուրերը մոտենում էին ավագ հովվին ու իր տիկնոջը՝ երախտիքի, գնահատանքի ու քաջալերանքի խոսքեր հղելով:

Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը՝ որպես ավագ հովիվ, կշարունակի իր ծառայությունը մինչև 2022 թ.-ի օգոստոսի մեկը, այնուհետև, կշարունակի օգտակար լինել ՀԱԵ-ին որպես խորհրդատու հովիվ:

Նախորդ
...
X