.
ՀԱԵ կանանց մեկօրյա համագումար Վանաձորում

Հուլիսի 17-ին Վանաձորի գեղատեսիլ վայրերից մեկում, տեղի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կողմից յուրահատուկ համագումար էր կազմակերպվել համայնքի հին ու նոր անդամների՝ բոլոր տարիքային խմբերի ավելի քան 90 կանանց ու աղջիկների համար: Ծրագիրը հագեցած էր. ներկաները ջերմ հաղորդակցության առիթ ունեցան, լսեցին Աստծո Խոսքը, ձեռային աշխատանքներ պատրաստեցին, իսկ ուրախ ժամանցը լի էր խաղերով, նոր՝ իրենց իսկ հորինած երգերով:

Վերապատվելի Վարդան Ափինյանի  ողջույնով և աղոթքով սկսվեց երկրպագության և փառաբանության  պաշտամունքն առ Աստված: Համագումարի մասնակիցները փառաբանության երգերով, գոհության աղոթքներով Աստծուն բարձրացրին իրենց ձայնը:

Օրվա պատգամաբերը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ  վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր, ով խոսեց Ժողովող գրքի հիմնական պատգամի մասին. «Այս արևի տակ ամեն բան անցողիկ և ունայն է, բայց մենք պետք է արևից վեր՝ մնայուն ու անփոփոխ արժեքներին նայենք՝ Աստծուց վախենանք ու նրա պատվիրանները պահենք»։

Համագումարին, որպես բանախոս հրավիրվել էր Հուրի Մելքոնյանը, ով՝ որպես փորձառու դուստր, կին, մայր, տատիկ և Աստծո գործի հավատարիմ ծառա, քաջալերեց ներկա կանանց Աստծո Խոսքով եւ այդ Խոսքի վրա հիմնված իր փորձառությամբ:

Խոսելով աստվածաշնչյան 2 հերոսի մասին՝ Ադամի և Սամուելի, Հուրի Մելքոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Աստծո կանչի վրա` մի դեպքում «Ու՞ր ես», մյուս դեպքում՝ «Սամուե՛լ, Սամուե՛լ…», ու խոսեց այդ կանչին ի պատասխան տվյալ հերոսների արձագանքի մասին: Բանախոսը հորդորեց կանանց անդրադառնալ, թե իրենք ու՞ր են, և ինչպե՞ս են արձագանքում Աստծո կանչին, արդյո՞ք Ադամի պես թաքնվելու պատճառ ունեն, թե՞ Սամուելի նման համարձակորեն կարող են գալ Աստծո առջև: Կարևոր է՝ որպես կին  և որպես աղջիկ հասկանանք՝ ո՞վ ենք, որտե՞ղ ենք, ի՞նչ կանչվածություն ունենք, ո՞րն է Աստծո կամքը մեզ համար: Տիկին Հուրին խոսեց նաև Աստծո հետ քայլող կնոջ հատկանիշների մասին՝ գործնական կյանքում շոշափելի օրինակներով:

Այս թեմաների շուրջ առանձին խմբերում քննարկումներ եղան, մասնակիցներին հարց ու պատասխանի հնարավորություն տրվեց:

Համագումարն ամփոփվեց փառաբանությամբ և աղոթքով: Մասնակիցներն իրար հրաժեշտ տվին Աստծո տան մեջ  կրկին հանդիպելու համոզմամբ:

Մելինե Մարտիրոսյան

Նախորդ
...
X