.
ՀԱԵ ամառային ճամբարներն ավարտվեցին

Հանքավանի «Շողիկ» ճամբարում երկար աղմուկից հետո լռություն էր: Վերջին ավտոբուսներն անցան երկար, սակայն մեկնողների համար կարճ թվացող արահետով: Դարպասները փակվեցին…

 

Մեկնողները ՄԱՆՈՒԿՆԵՐ էին

«Իսկ կարո՞ղ եմ թաքնվել պահարանի մեջ…».

Ասում էր փախուստի ծրագրեր կազմող աղջիկն ու արցունքներն աչքերին նայում հեռացող ավտոբուսներին՝ հարկադրված սպասելով այն մեկին, որն իրեն տուն էր տանելու: Պատկերը նույնն էր 7 օր առաջ, երբ նույն աղջնակը կրկին նայում էր հեռացող ավտոբուսներին, հատկապես այն մեկին, որն իրեն բերեց ու թողեց այս անծանոթ վայրում: 7 օր անց անծանոթ վայրը դարձել էր շատ հարազատ, իսկ մոտալուտ հրաժեշտն անցանկալի էր: 

Աղջնակի արտաբերած արտահայտությունը հնչում էր յուրաքանչյուր շաբաթ տարբեր մանուկների շուրթերից: Բոլորի մտքին մեկ բան էր՝ ինչպե՞ս աննկատ թաքնվել և ևս մեկ շաբաթ մնալ որպես ճամբարական:

Այսպես, շուրջ 700 մանուկ 4 հերթափոխով հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 8-ն անմոռանալի օրեր անցկացրին Հանքավանի «Շողիկ» ճամբարում: 

Մանկական մտքով, բայց Աստծուն ուղղված փառաբանություն, աստվածաշնչյան հերոսների կյանքից, բայց մանուկների սիրտը փոխող հոգևոր դասեր, ուսուցանող և զվարճացնող ներկայացումներ, սրա հետ մեկտեղ՝ ինտելեկտուալ խաղ, հստակ նախատեսված, բայց ստեղծագործ միտքը ճախրել թույլատրող ձեռային աշխատանքներ, իրականությունը մոռացության տվող, սակայն չարաճճի երեխայի սրտի իրականության հետ կապ հաստատող խաղեր։ 

Եվ այս ամենի գլխավոր նպատակն էր՝ մանուկներին ոչ միայն նվիրել ամբողջ կյանքում սրտի մի անկյունում պահվող օրեր, այլ սովորեցնել քայլել ՆՐԱ՝ Հիսուս Քրիստոսի ՀԵՏՔԵՐՈՎ՝ ԴԵՊԻ բարություն, հավատարմություն, հնազանդություն, ազնվություն, և իհարկե, սեր: 

 

Մեկնողները ՊԱՏԱՆԻՆԵՐ էին

Այստեղ «իսկ կարո՞ղ եմ թաքնվել պահարանի մեջ» -ին գալիս է փոխարինելու «ինչու՞ այսքան կարճ» արտահայտությունը: Պահարանի մասին հիշատակողներ չկան. մտածողներն ու ցանկացողները, իհարկե, շատ են, սակայն բարձրաձայնում են՝ իրար ականջի փսփսալով կամ էլ հուզմունքն ու սպասվող կարոտն արտահայտում են միայն հայացքով:  

Օգոստոսի 8-23… հինգ օր, երեք հերթափոխ, շուրջ 500 պատանի ապրեցին ճամբարային լիարժեք օրեր։  

Կարճ, սակայն բովանդակալից օրերի ընթացքում եղան ինքնակրթվելուն ու զարգանալուն ուղղված սեմինարներ, թիմային մտածողություն ձևավորող խաղեր, ներաշխարհ բացահայտող ներկայացումներ, պատանեկան հասունությամբ փառաբանություն ու երկրպագություն, Աստծո Խոսքի պատգամ, սրտից սիրտ խմբային քննարկումներ... յուրաքանչյուր ծրագրային քայլ մոտեցնում էր գլխավոր մտքին, որն ուղղված էր պատանիների սիրտն ու միտքը փոխելուն։

«Կողմնացույց» խորագիրը կրող պատանեկան ճամբարի գլխավոր նպատակը մեկն էր՝ ճամբարի վերջում գիտակցել, որ կյանքի ճամփորդության ընթացքում կարող ենք հանդիպել բազում խաչմերուկների և ուղիների, որոնք կարող են շեղել մեզ գլխավոր ընթացքից, բայց կա մեկ ուղեցույց, որը կարող է ուղղորդել դեպի ճշմարտություն, այն է՝ Աստծո Խոսքը:   

 

 Մեկնողները ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ էին

Այստեղ այլևս արդի չեն գաղտնի կերպով մնալու և կարճ օրերի մասին քննարկումները, սակայն երիտասարդներից շատերը հենց այս արտահայտություններն ասելով են մեծացել:  Իսկ այժմ հասուն երիտասարդներ են, որոնցից ոմանք մանուկներին ու պատանիներին ծառայելուց հետո երիտասարդական ճամբար են գալիս հանգստանալու ու նորովի լցվելու Աստծո Խոսքով: 

Օգոստոսի 23-ից 28-ը խենթ պատանիներին եկան փոխարինելու հանդարտ   երիտասարդները: Շուրջ 200 երիտասարդ հանգստի օրերն էր անցկացնում «Կամուրջներ» խորագիրը կրող ճամբարում՝ նայելով իրենց ներաշխարհին և կառուցելով ու նորոգելով այն: 

Հոսող մենիկ պահեր, խորը պատգամներ, գիտակցված փառաբանության ու երկրպագության պահեր, կարծրատիպեր կոտրող սեմինարներ, սեփական ես-ի հետ բախում ստեղծող ներկայացումներ, երիտասարդության տաղանդները բացահայտող դահլիճային ծրագրեր, նորարարական խաղեր: 

Այս օրերի նպատակն էր՝ գիտակցել, որ կյանքի դժվարությունների, խնդիրների հետևանքով ընկած, ավերված, կոտրված վիճակներից միակ կառուցողը, բարձրացնողը, նորոգողն ու վերականգնողն Աստված է: 

 

Հանքավանի «Շողիկ» ճամբարում երկար աղմուկից հետո լռություն է: Ճանապարհներին այլևս չկան վազվզող մանուկներ, տաղավարներում՝ զրուցող պատանիներ, դահլիճում՝ փառաբանող երիտասարդներ: Դարպասները փակվեցին… սպասվող հաջորդ հանդիպումը՝ մեկ տարի անց, տեղը՝ անփոփոխ՝ Շիին Շողիկ ճամբար: 

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X