.
Աղոթքի երեկո ՀԱԵ-ում

«Վիշտ ու ցավով պատած հոգի, ապավինի՛ր Աստծուն, քո ցավերը Նա կամոքի, քեզի կտա օրհնություն...»,- ՀԱԵ Բաղրամյան 18-ի եկեղեցասրահում փառաբանության խումբն ու ժողովուրդն իրենց ձայնն էին բարձրացնում առ Աստված: 

Սեպտեմբերի 9-ին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին հայտարարություն տարածեց սպասվելիք ոչ ֆորմալ պաշտամունքի՝ փառաբանության երեկոյի մասին: Չորս օր անց պատերազմն անսպասելի հյուրի պես ներխուժեց հայրենիք՝ փոխելով ու շրջելով մարդկային մտադրություններն ու առաջնահերթությունները: Փառաբանության երեկոյին փոխարինեց խաղաղության համար աղոթքի պաշտամունքը: 

Շուրջ երկու ժամ ներկաները կտրվեցին տագնապալի նորություններով առօրյայից և իրենց ներքին տագնապները բերեցին խաղաղություն շնորհող Աստծո առաջ: Փառաբանության ու երկրպագության ընթացքում ներկաները ձեռք ձեռքի տված խմբեր կազմելով միաբանվեցին և աղոթք բարձրացրին առ Աստված ամբողջ ազգի մտահոգությունների համար։ Բոլորը միասնաբար աղոթում էին հստակ նշված թեմաների շուրջ. հայրենիքի պաշտպանություն, ՀՀ պետականության անվտանգություն և հզորացում, զինվորներ, սպաներ և բանակ, զոհվածների ընտանիքների մխիթարություն, վիրավորների բժշկություն,  գերիների ազատություն և իհարկե ժողովրդի միաբանություն: 

Վերջում Բեյրութի ՀԱԵ առաջին եկեղեցու հովիվ՝ պատվելի Ժիրայր Ղազարյանը կիսվեց Աստծո Խոսքով՝ մեջբերելով Հովհաննու 20.19-29 հատվածը և անդրադառնալով մեր ներկայիս ներքին կասկածներով ու անորոշությամբ լեցուն վիճակին։ 

Ներկաները վերադարձան տուն. արտաքին իրականությունը նույնն էր, սակայն ներքին իրականության համար իրենց հետ տարան բոլոր իրավիճակներում խաղաղեցնող ու գոտեպնդող Աստծո Խոսքը:

 

Թեհմինե Առաքելյան

Նախորդ
...
X