.
ՀԱԵ-ն Վանաձորում հյուրընկալել էր Ավետիսյան դպրոցի սաներին

Հոկտեմբերի 26-ին մի խումբ ավետիսյանցիներ՝ աշակերտներ և ուսուցիչներ, շրջայց կատարեցին՝ նպատակ ունենալով ծանոթանալ հայկական մշակութային և հոգևոր արժեքներին, ջերմ ժամանակ անցկացնել Վանաձորում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատանիների հետ։ 

2022 թվականի փետրվարից Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության բաժինը Ավետիսյան դպրոցում մանկական և պատանեկան ծառայություններ է իրականացնում, որի նպատակը մանուկներին և պատանիներին աստվածաշնչյան պատմությունները սովորեցնելը, քրիստոնեական արժեքներին ծանոթացնելն ու օգնել է, որ ապրեն աստվածաշնչյան սկզբունքներով։

Վանաձորում ՀԱԵ այցելելն այդ նպատակների շրջանակում էր։ Մինչ Վանաձոր հասնելը, սակայն, ավետիսյանցիները մի քանի կանգառ ունեցան։

Նախ այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի, հանդիպեցին տեղի քահանայի հետ, լսեցին եկեղեցու հետաքրքիր պատմության ու խորհուրդների մասին։ Հաջորդ հանգրվանը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Պամության ուսուցչուհի Զառա Ավետիսյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, դարերի ընթացքում անցած ուղին։

Վերջին կայանն ու հիմնական հանգրվանը Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին էր, որտեղ աշակերտները հանդիպեցին իրենց ճամբարային առաջնորդներին, ծանոթացան իրենց հասակակիցների հետ, միասին փառաբանեցին Աստծուն ու սերտեցին Սուրբ Գիրքը։

Աստծո Խոսքի միջոցով (Ղուկաս 10.25-37) ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր Վարդան Ափինյանը հորդորեց պատանիներին, որ նախ իրենք ընկեր լինեն ուրիշների համար, անտարբեր չլինեն իրենց շրջապատի մարդկանց հանդեպ, փոխհարաբերությունների հիմքում դնեն կարեկցանքն ու օգնելու ցանկությունը։ Պատվելին քաջալերեց Աստծո հետ փոխհարաբերությունները կառուցել՝ Նրա գերիշխանության գիտակցմամբ, բայց և ամեն օր փնտրելով Նրա հետ մտերմիկ հարաբերություններ։

Ավետիսյանցիները ծանոթացան նաև Վանաձորում AMAA -ի կրթական և զարգացման կենտրոնների գործունեությանը:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում՝ ցանկությամբ, որ այս դրական փորձառությունը կիսեն նաև այլ քաղաքների ՀԱԵ պատանիների հետ։

 

Շուշան Ենգիբարյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից

Նախորդ
...
X