.
Եկեղեցին և երիտասարդը: Միասնական հանդիպում Գյումրիում

Դիտո՞րդ, թե՞ գործակից, ո՞րն է երիտասարդի դերը եկեղեցում: Խորհելու, սերտելու, բանավիճելու և ամեն հարցի մեջ Աստծո Խոսքից դասեր քաղելու առիթով  էր, որ 2022թ.-ի նոյեմբերի 5-ին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու (ՀԱԵ) Գյումրու երիտասարդները հյուրընկալել էին ՀԱԵ Վանաձորի մի խումբ երիտասարդների ու ծառայողների:

Հանդիպման օրակարգը լեցուն էր. հանդիպումը սկսվեց միասնական պաշտամունքով: Փառաբանության բաժինը վստահվել էր Վանաձորի երիտասարդներին: Այնուհետև ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը, բաժնեկցելով Աստծո Խոսքից, անդրադարձավ երիտասարդների կյանքում եկեղեցու կարևորությանը, իրական ազատության չափանիշներին:

Պատվելին նկատեց, որ ժամանակակից աշխարհը և մասնավորապես զարգացած երիտասարդությունը հակում ունի մտածելու, որ եկեղեցին այսօր ժամանակավրեպ է, ասելիք չունի և սահմանափակում ու խլում է մարդու ազատությունը։ Այսպիսի ընկալումը եկեղեցու էության և ծառայության մասին արմատականորեն կեղծ պնդում է։

Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 1-ին և 13-24-րդ համարներում բացատրում է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում իրական ազատությունը։ Առաքյալը հստակ կերպով շեշտում է, որ իրական ազատությունը հոգևոր ազատությունն է՝ Քրիստոսի մեջ, որը կարելի է ունենալ միայն եկեղեցում հաստատված լինելով՝ Հոգով ապրելու և Հոգու պտուղը կրելու պարագայում։ Հոգևոր ազատությունն ուղիղ հակառակն է աշխարհի առաջարկած կեղծ ազատության, որը մարմնի պտուղն է և մարդուն դեպի ստրկություն է տանում։

Պատգամից անմիջապես հետո երիտասարդները բաժանվեցին խմբերի ու շարունակեցին թեմայի քննարկումը՝ դեմ և կողմ տեսանկյունից: Թեմայի ամփոփումը եղավ Աստծո Խոսքից բերված հիմնավորումներով ու օրինակներով:

Հանդիպման 2-րդ մասը ժամանցային էր, երիտասարդներին սպասվում էր ակտիվ, հետաքրքիր խաղեր: Երիտասարդները խաղում էին ակտիվությամբ ու առողջ մրցակցությամբ:

Հանդիպումն ավարտվեց Գյումրու տեսարժան վայրեր այցելությամբ: Երիտասարդներն իրար հրաժեշտ տվեցին՝ նորից հանդիպելու հույսով:

Մելինե Մարտիրոսյան

Նախորդ
...
X