.
Սաղմոս 37.4

«Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ»։ Սաղմոս 37.4

Եթե սաղմոսերգուն մեր օրերում ապրեր, հավանաբար պիտի ասեր, որ ուրախությունը վերանում է, անհետանում է աշխարհում օրեցօր շատացող չարության պատճառով, մենք կորցրել ենք ուրախությունը, քանի որ անօրենությունները գլուխ են բարձրացրել այս աշխարհում։

Մարդկային չարությունը և անօրեն արարքները խլում են մեզնից մեր ուրախությունը, երբ կորցնում ենք մեզ շատ սիրելի անձանց կամ բաներ, որ մեզ ուրախացնում էին։ Բարկությունը և նախանձը գալիս ու լրացնում են կորցրած ուրախության տեղը: Աստծուց հեռու մենք ոչ միայն ուրախ չենք, այլ նաև կորցնում ենք ինքներս մեզ, մեր առաքելությունը, մեր ընթացքն այս կյանքում:

Ինչպե՞ս վերագտնել մեր կապն Աստծո հետ: Ինչպե՞ս ունենալ մնայուն ուրախություն։ Ուրախություն, որ կախում չունի կյանքի տարատեսակ իրավիճակներից կամ դեմքի վրա լայն ժպիտ ունենալուց։ Անկախ նրանից՝ հարուստ ես, թե՞ աղքատ, առողջ, թե՞ հիվանդ, հանգիստ ընթացքի, թե՞ փոթորիկների մեջ, կարող ես ունենալ այս ուրախությունը, ցնծությունը քո ներսում։

Սբ․ Գիրքը խոսում է ուրախության կամ ցնծության մասին, որ միմիայն Տիրոջ մեջ է։ Ներքին ամուր կապ, խորը բավարարվածություն, որ ունենում ես Աստծո մեջ՝ Իր հետ մտերմիկ հարաբերության արդյունքում։