«Փրկության հրեշտակը» դարձյալ բեմում էր, այս անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: 2022թ.-ի նոյեմբերի 6-ին լեփ-լեցուն դահլիճը լսեց, տեսավ ու ճանաչեց հայ ավետարանական նվիրյալներից մեկի, ցեղասպանության տարիներին Հալեպում հայերի փրկության գործը կազմակերպած հովվի՝ վեր. Հովհաննես Էսքիջյանի կատարած սխրագործության մասին:
Ներկայացումը բեմում է արդեն 5 տարի: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը՝ սցենարի հեղինակ, բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանի գլխավորությամբ, էսքիջյանի մասին առաջին անգամ պատմեց 2018-ի գարնանը: Այս տարիներին «Փրկության հրեշտակը» ներկայացվեց ոչ միայն ՀԱԵ համայնքին, այլև Գյումրու դրամատիկական թատրոնի հանդիսատեսին, ամիսներ շարունակ եղավ նաև Երևանիի պետական կամերային երաժշտության թատրոնի խաղացանկում:
«Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու չմեռնի, միայն ինքը կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կտա» (Հովհ. 12.24):
Այս համոզումով ապրեց ու այդ համոզման համար նահատակվեց վեր. Հովհաննես Էսքիջյանը, ով իր երիտասարդ տարիքում հասցրեց փրկության հրեշտակ դառնալ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ որբուկների համար:
Առաջին ներկայացման մասին տես այստեղ՝ https://www.eca.am/post/231