.
«Տղամարդն Աստծո առջև» մեկօրյա համագումար Տավուշում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տղամարդկանց հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի ՀԱԵ տղամարդկանց խմբերի համար մեկնարկեց տարածաշրջանային մեկօրյա համագումարների շարք:

Մեկնարկը տրվեց 2022 թ.-ի նոյեմբերի 26-ին, Տավուշի մարզից: ՀԱԵ Իջևանի տղամարդկանց խմբին միացել էին Բերդի, Դիլիջանի և Նոյեմբերյանի ՀԱԵ տղամարդկանց խմբերը՝ մոտ 30 հոգի:

Հանդիպումը սկսվեց միասնական պաշտամունքով: Համագումարի պատգամաբերը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, Աստծո Խոսքի պատգամն առել էր Ա Տիմոթեոս 2.8-ից. «Ուստի կամենում եմ, որ մարդիկ ամենուրեք աղոթեն Սուրբ ձեռքեր վեր բարձրացնելով՝ առանց բարկության և երկմտանքի»: Պողոս առաքյալը քաջալերում է եկեղեցու տղամարդկանց, որպեսզի եկեղեցական հավաքական պաշտամունքի մեջ աղոթքով լծվեն ծառայության. աղոթեն բոլորի համար(Ա Տիմ. 2.1), քանի որ Աստված ուզում է բոլոր մարդկանց փրկությունը (Ա Տիմ. 2.3-4), քանի որ Քրիստոսն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց(Ա Տիմ. 2.5-6), և Պողոսը կարգված է առաքյալ բոլոր ազգերի համար (Ա Տիմ. 2.7): Վեր. Հովսեփյանը կոչ արեց տղամարդկանց վերանայել պաշտամունքի ընթացքում իրենց աղոթքի կյանքն ու պատասխանատվությունը և ուշադրություն դարձնել անձնական սրբության կյանքին:   

Աստծո Խոսքի պատգամից հետո տղամարդիկ բաժանվեցին խմբերի, որտեղ առիթ ունեցան խոսելու գործնական քայլերի ու Աստծո Խոսքի կիրառման հնարավորությունների մասին:

Պաշտամունքի, սերտողության ու հաղորդակցության ջերմ առիթներից բացի տղամարդիկ նաև միասին խաղալու, հնարամտություն դրսևորելու ու հաղթանակի բերկրանքը վայելելու հնարավորություն ունեցան:

Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ:

Մեկօրյա այս համագումարի նպատակը, միասնական պաշտամունքից զատ, Աստծո առջև տղամարդու իրական դերի ու պատասխանատվության գիտակցության ամրապնդումն էր, Աստծո Խոսքի ու սերտողությունների միջոցով նրանց խրախուսելը, որ ձգտեն հոգևորապես ավելի աճել և ամրանալ հավատքի կյանքում, ինչպես նաև ծանոթության ու մտերմության առիթ ստեղծել տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց միջև:

Հաջորդ մեկօրյա համագումարները կլինեն 2023 թ.-ին՝ Լոռու և հյուսիսային շրջանի քաղաքների, Երևանի ու հարակից շրջանների, ինչպես նաև Սյունիքի ու Արցախի շրջանների ՀԱԵ տղամարդկանց խմբերի համար: 

Նախորդ
...
X