.
Վերականգնումը վերադարձ է պահանջում

Թվականը փոխվեց, և մենք բոլորս մուտք ենք գործել նոր տարեշրջան։ Տարեշրջան, որը մեր ազգի, մեր ժողովրդի ու մեր պետության համար լի է անորոշությամբ, վախերով և անօգնականության ու անելանելիության խորը զգացումներով։ Արցախը պաշարված է և շարունակում է մնալ այդպես։ Վաղվա օրվան նայելիս՝ կարծես թանձր խավար ենք տեսնում և ինքներս մեզ հարցնում՝ իսկ ի՞նչ անել։

Ինքներս մեզ տրված այս հարցի պատասխանն այդքան էլ հուսադրող չէ, քանի որ շատ լավ ենք հասկանում, որ թշնամական պաշարումը միայն Արցախի ֆիզիկական արգելափակմամբ չի սահմանափակվում։ Հասկանում ենք, որ պաշարումը շատ ավելի խորքային ու վտանգավոր է։

Արցախից առաջ և Արցախին զուգահեռ՝ պաշարված է նախ մեր հոգին, մեր սիրտը, միտքն ու խղճմտանքը, և սա հոգևոր իրականություն է, որն էլ ծնում է իրերի ֆիզիկական դասավորությունը։ Այս հոգևոր ծանր պաշարումը հնարավոր է դարձել հոգևոր, մտավոր և բարոյական մակարդակներում մեր անհատական և հավաքական թուլության, շարունակական նահանջի, պարտությունների, փոխզիջումների և ճշմարտության գիտակցված աղավաղման ու ժառանգական անօրենության պատճառով։ Սրա հետևանքը մեր անձերում և մեր շուրջը տիրող անողոք ավերումն ու ամայացումն է։

Սա է բուն հարցը, և այստեղ է, որ պիտի հարցնենք՝ իսկ ի՞նչ անել։ Այս հարցն այժմ տալիս ենք՝ Սուրբ Ծննդյան և Քրիստոսի հրաշափառ հայտնության իրականությանը դեմ-հանդիման կանգնած։

Քրիստոսի մեջ հայտնված Աստված գալիս է՝ հանգուցալուծելու մարդկային ցեղի և մեր անհատական ու հավաքական ողբերգությունը։ Աստվածաշունչը պաշարվածի ու ավերվածի համար լուծում և ելքի խոստումն ունի։ Եսայու մարգարեության 58.11-12 հատվածի մեջ Տերն Իր ժողովրդին ու մեզ այսօր հստակորեն խոստանում է առաջնորդել ու դուրս հանել անելանելի վիճակից ու կշտացնել երաշտի ու աղետի ժամանակ։ Ուղիղ և խորը կերպով Տերը խոսում է մեր շատ սերունդերի հիմքերի բարձրացման մասին։ Խոսում է սերունդների ու ժառանգների մասին, ովքեր պիտի վերականգնեն մեր ավերակներն ու ամայությունը։ Ու պիտի կոչվենք բաժանում նորոգող և բնակության շավիղներ վերականգնող։ Աստծո Խոսքը ճիշտ մեր ու մեր ցավի մասին է խոսում ու տալիս դարմանն ու վերականգման խոստումը։ Եվ սա բարի լուրն է։

Բայց Տիրոջ ելքի խոստումը պայման ունի։ Վերականգնումը հնարավոր է միայն վերադարձից հետո։ Եսայա 58.1-10 հատվածի մեջ Աստված պարզ ու հասկանալի կերպով պատգամում է մեզ Իր տիեզերական ճշմարտությունը՝ պիտի անկեղծ ու վճռական կերպով արմատապես փոխվելու որոշում կայացնենք ու հաստատակամորեն մնանք դրա մեջ։ Պիտի հասկանանք մեր եղծանելի վիճակը։ Պիտի հրաժարվենք արդեն սովորական դարձած անիրավությունից ու մեզ ստրկացնող հոգևոր կապանքներից ու շղթաներից։ Պիտի մեկընդմիշտ հրաժարվենք արդեն կենսակերպ ու առօրյա դարձած իմիտացիայի դևից, որը գրավել է մեր կյանքի բոլոր հարթությունները։ Պիտի դադարենք բովանդակությունը ձևով փոխարինելու զազրելի կեղծիքից։ Պիտի հասկանանք ու ապրենք իրական աստվածաբուխ մարդասիրությունը։ Կարճ ասած, պիտի վերադառնանք Աստծուն և ավետարանի կենարար ճշմարտությանը։

Աստված շնորհած ու բազմողորմ է, և լուսավոր ապագայի ճանապարհն ու խոստումը մեզնից չի պահում։

Վերակագնումը մոտ է այնքան, որքան իրական է վերադարձի որոշումը․․․