.
«Աղոթք-Վերնատուն»՝ Արցախի եկեղեցին ներկա ճգնաժամի մեջ

Հունվարի 9-10-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում հավաքվել էին Հայաստանի տարբեր քաղաքների Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվները: Այս «Վերնատունը», թեև առանց Արցախի, բայց Արցախի համար էր:  

Մեկ ամսից ավելի շրջափակման մեջ՝ անորոշության, անապահովության ու տագնապի զգացումներով…

Արցախի ներկայիս հոգևոր հովիվ պատ. Խաչատուր Խաչատրյանը «Վերնատանը» միացել էր առցանց: Խոսելով ներկա ճգնաժամի մեջ Արցախի եկեղեցու գործունեության մասին՝ պատվելին նշեց, որ եկեղեցական ծառայությունները շարունակում են ակտիվ մնալ: Համայնքը միաբան է, և ստեղծված իրավիճակում Աստծո կամքն ու լուծումն է փնտրում:  

Անդրադառնալով Սուրբ Ծննդյան միջոցառումներին՝ պատ. Խաչատրյանը նկատեց, որ չնայած փակ ճանապարհների պատճառով արցախցի մանուկներին այս տարի չհասան Սուրբ Ծննդյան՝ նախապես պատրաստված նվերները, բայց ՀԱԵ աջակցությամբ հնարավոր եղավ տեղում կազմակերպել, ու Սուրբ Ծննդյան Բարի Լուրը երեխաներին հասցնել նաև փոքրիկ նվերներով: Միջոցառումներ իրականացան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Արցախի մի շարք գյուղերում:

«Վերնատանը» հավաքված ՀԱԵ հովիվները նախ աղոթեցին Արցախի ապաշրջափակման, ՀԱԵ եղբայրների, քույրերի ու հովվի համար, ապա նաև քննարկեցին Արցախում նոր հոգևոր հովիվ ունենալու հարցը: Քննարկմանը նախորդեց 2 մասից բաղկացած սուրբգրային պատգամը՝ Եսայի 6.1-13 համարների շուրջ, որտեղ  Աստծո կանչին՝ «Ու՞մ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար», մարգարեն պատասխանում է «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»: Պատգամաբերները ՀԱԵ խորհրդի նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանն ու ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էին: 

ՀԱԵ հովիվներն աղոթեցին նաև ՀՀ պաշտպանության ու անվտանգության, զինվորների, սպաների ու բանակի համար, զոհվածների ընտանիքների մխիթարության, վիրավորների ապաքինման, գերիների ազատության, հայ ժողովրդի միաբանության համար:

«Վերնատան» երկրորդ օրվա թեման ՀԱԵ ռազմավարությունն էր առաջիկա տարիների համար:

Հովիվների 24-ժամյա հանդիպումն ավարտվեց Սուրբ Հաղորդության պաշտամունքով: 

Նախորդ
...
X