.
Զենքերը կարող են լռել գոնե մեկ օր, երբ երգում են հրեշտակները

«Ինչպե՜ս եմ հուզվում։ Առաջին անգամ եմ բեմում»։

«Հանդիսատեսը եկե՞լ է։ Կարո՞ղ ենք սկսել»։

«Չմոռանաք ամենակարևորի մասին․ այսօր դահլիճում նստածներից յուրքանչյուրն իր հետ պետք է տանի Քրիստոսի սերը»։

Այս և նմանատիպ այլ արտահայտություններ կարելի էր լսել Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) յուրաքանչյուր ներկայացումից առաջ։ Հուզված աչքեր, իրենց հագուստներն արագ-արագ ուղղող մանուկներ, մի քիչ անհարմար պայմաններ․․․ բայց, ամենակարևորը, կա սեր և նպատակ՝ մարդկանց ավետել Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին՝ AMAA-ի աջակցությամբ, Հայաստանի 23 եկեղեցում կազմակերպեց 58 միջոցառում, որին մասնակցեց 10000-ից ավելի մանուկ։ ՀԱԵ ծառայողներն ու մասնակից մանուկներն իրենց հանդիսատեսին փոխանցեցին Սբ․ Ծննդյան պատգամը․ Աստված այնպես սիրեց մեզնից յուրաքանչյուրին, որ Իր Որդուն ուղարկեց, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հետ դառնալու մեր չար ճանապարհներից դեպի Աստված, սովորենք Նրա նման սիրել։ Սբ․ Ծնունդը լավագույն առիթն է իրար սիրելու, ներելու և հոգ տանելու․ չէ՞ որ մենք մեր սիրով ներկում ենք մեր քաղաքը, գունավորում այն ու ջերմացնում։ Երբ մեր ներսում պակասում են գույներն ու սերը, մեր քաղաքը մռայլվում է, դառնում գորշ ու անգույն։

Այս տարի Սբ․ Ծնունդը յուրահատուկ էր նաև Արցախում։ Գտնվելով շրջափակման մեջ՝ միջոցառումներն այնտեղ այլ երանգ ստացան։ ՀԱԵ Արցախի ծառայողները, եկեղեցու հովվի հետ միասին, այցելեցին Արցախի գյուղերում ապրող մանուկներին ու նրանց ընտանիքներին փոխանցեցին աստվածային հույսի պատգամը։ Միջոցառումներ կազմակերպվեցին նաև Ստեփանակերտում՝ սրանով իսկ կյանքի կոչելով Պողոս առաքյալի խոսքերը՝ «․․․կապանքների մեջ եմ, բայց Աստծո Խոսքը կապված չէ» Բ Տիմոթեոս 2․9։

Զենքերը կարող են լռել գոնե մեկ օր, երբ երգում են հրեշտակները՝ «Բարձունքներում Աստծուն փառք և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն» Ղուկաս 2․14:

 

Լիլիթ Անտոնյան

ՀԱԵ ՔԴ աշխատակից

Նախորդ
...
X