.
«Հաղթահարի՛ր ճգնաժամդ» խորագրով համագումար Շիրակամուտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Շիրակամուտում 2023 թ.-ի փետրվարի 18-ին իր հյուրընկալ դռներն էր բացել Շիրակամուտի, Սպիտակի և Վանաձորի ՀԱԵ կանանց խմբերի ավելի քան 80 մասնակցի առջև:

Մեկօրյա համագումարի խորագիրը յուրօրինակ կոչ էր. «Հաղթահարի՛ր ճգնաժամդ»:

Համագումարին իրենց ծառայությունը բերեցին նաև 3 եկեղեցիների հովիվները, ինչպես նաև ՀԱԵ ավագ հովիվն ու երեցկինը:  

Հանդիպումը սկսվեց ջերմ հաղորդակցության մթնոլորտում՝ հյուրասիրությամբ, որին հաջորդեց միասնական պաշտամունքը: Փառաբանությունը վստահվել էր ՀԱԵ Վանաձորի երգչախմբին:

Պաշտամունքից հետո կանայք բաժանվեցին 3 խմբերի և առաջնորդների օգնությամբ անդրադարձան հնարավոր ճգնաժամերին ու իրենց արձագանքին: Ազատ խոսեցին, թե ի՞նչ են զգում, երբ կյանքի մեջ փոթորիկներ են լինում, ինչի՞ կամ ու՞մ վրա են հույս դնում, որո՞նք են հավատքի հիմքերը և ի՞նչը կարող է թուլացնել այդ հիմքը: Խմբերում աղոթելուց հետո կանայք վերադարձան եկեղեցասրահ, որտեղ յուրաքանչյուր խմբից մեկ հոգի փորձեց ամփոփել քննարկման արդյունքները:

Թեմայի աստվածաշնչյան անդրադարձը Մարկոս 4.35-40 համարների շուրջ էր: Պատգամաբերը` ՀԱԵ Սպիտակի հոգևոր հովիվ պատ. Կարեն Օչինյանը, խոսեց վախերի, անհանգստությունների ու հուսահատության զգացողության մասին, որը յուրաքանչյուրի կյանքում կարող է պատահել. «Դրանք անխուսափելի են, բայց մենք պետք է վստահ լինենք, որ մեր կյանքի նավակում գտվող Աստված ի զորու է  խաղաղեցնելու, հանդարտեցնելու յուրաքանչյուր փոթորիկ, անխաղաղ վիճակ: Հիսուսն իշխանություն ունի ինչպես բնության վրա, այնպես էլ մեր կյանքում: Նա  կարող է հանդարտեցնել նաև մեր կյանքի փոթորիկները, եթե վստահենք Նրան այդ հարցում ևս»,- նշեց պատվելին:

Պատգամի ավարտին ներկաներն աղոթքով Աստծուն հանձնեցին իրենց անհանգստություններն ու ճգնաժամերը:

Համագումարի երկրորդ բաժինը ժամանցային էր: ՀԱԵ Սպիտակի երեցկին և կանանց խմբի առաջնորդ Արմինե Արևջանյանը յուրահատուկ, մտերմացնող ու աշխույժ խաղերով ոգևորեց ներկաներին: Կանայք ակտիվ ու առողջ մրցակցությամբ մասնակցեցին բոլոր խաղերին: Վերջում ստացան նաև օրվա թեմային առնչվող սուրբգրային համարով էջանիշեր, որպեսզի միշտ հիշեն Հովհաննու 16.33 համարի Քրիստոսի քաջալերող խոսքը.

«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:

Միասնական պաշտամունքն ավարտվեց փառաբանությամբ՝ ՀԱԵ Շիրակամուտի քույրերի առաջնորդությամբ, ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանի Սաղմոս 23-ից բխող քաջալերական խոսքով ու ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի հովվական աղոթքով: 

Նախորդ
...
X