.
Սեմինարներ ՀԱԵ կանանց խմբերի առաջնորդների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց խմբերը մարտից կսերտեն Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակները: 

Մինչ սերտողության մեկնարկը, վեր. Հովսեփյանը կանանց խմբերի առաջնորդներին ներկայացրեց թեման՝ տարածաշրջանային սեմինարների միջոցով:  Փետրվարի 21-ին, Երևանում՝ մայրաքաղաքի ու հարակից շրջանների, փետրվարի 23-ին, Սիսիանում ՝ Սյունիքի, փետրվարի 25-ին, Վանաձորում ՝ Հայաստանի հյուսիսային քաղաքների ՀԱԵ կանանց խմբերի ծառայողների ու հովիվների համար կազմակերպված սեմինարների նպատակը սերտողության թեմային ու կարգին ծանոթացնելն էր:

Վեր. Հովհաննես Հովսեփյանը սեմինարները սկսեց Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակի ներածությունից՝ ինչու՞ գրվեց, ո՞վ գրեց, ու՞մ էր ուղղված, ո՞րն էր նպատակը և ի՞նչ խնդիրների շուրջ է առաքյալը գրում: Այնուհետև անդրադարձավ արդիականությանն ու ժամանակակից աշխարհի  մարտահրավերների հետ առնչությանը: Վերապատվելին նկատեց, որ այս նամակի սերտողությունը կօգնի կանանց աշխարհում տիրող ներկայիս իրավիճակները գնահատել Աստծո Խոսքի համեմատ, հասկանալ ու ապրել քրիստոնեական հավատքի սկզբունքները:

Ընդհանուր առմամբ, սեմինարի ավելի քան 60 մասնակիցները, սպառազինված նոր գիտելիքներով, ամեն շաբաթ կառաջնորդեն ՀԱԵ կանանց, որպեսզի սերտեն Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակները գլուխ առ գլուխ: Մինչև ամառային համագումարները ՀԱԵ կանայք կսերտեն Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակը, իսկ սեպտեմբերից կանդրադառնան երկրորդ նամակին: 

ՀԱԵ բոլոր կանանց խմբերում միևնույն թեմայի սերտողության դրական արդյունքներն արդեն ապացուցված են փորձառաբար: Վերջին տարիներին այս մոտեցումը թույլ է տվել կանանց ծառայություններում հոգևոր աճի նույն մակարդակ ու առաջընթաց ապահովել:

ՀԱԵ կանանց աշխատանքային խումբն աղոթում է, որպեսզի Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակներիի սերտողությունը ևս օրհնաբեր ու հոգևոր աճի համար բարենպաստ լինի: 

 

Նախորդ
...
X