.
«Հներն անցան, ամեն բան նոր է» ՀԱԵ կանանց համագումար Երևանում

Ծաղիկներով գեղեցիկ զարդարված եկեղեցասրահ, համեղ հյուրասիրություն, յուրահատուկ նվերներ ու քաջալերող ողջույն՝ «Բարի գալուստ, Աստծո՛ դուստր»:

Մարտի 11-ին Հայաստանյայց Ավետարանական «Հույսի Տուն» եկեղեցին՝ ծառայողներն ու կանանց խմբի անդամները, ջանք չէին խնայել՝ պատրաստվելու, դիմավորելու ու լավագույն հյուրընկալությունը ցույց տալու Երևանում Հայատանյայց Ավետարանական եկեղեցու Բաղրամյան 18-ի ու ՀԱԹ-ի կանանց խմբերի անդամներին:

Մեկօրյա համագումար, որի առիթը կանանց տոների մեկամսյակն էր, բայց նպատակն Աստծուն փառաբանելը, Խոսքը սերտելը, միմյանց քաջալերելն ու հոգևոր հաղորդակցությունն էր:

Համագումարը մեկնարկեց հյուրընկալող եկեղեցու հովիվ պատ. Սուրեն Մակարյանի ողջույնի ու շնորհավորանքի խոսքով և ՀԱԵ Բաղրամյան 18-ի փորձառական շրջանի հովիվ Արմեն Միսակյանի աղոթքով: 

Համագումարի ողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում էր «Հին ու նոր» գաղափարը: Բեմի մի կողմը ձևավորված էր հին իրերով, մյուս կողմում նոր ու ժամանակակից ինտերիեր էր, փառաբանության հին երգերը հնչում էին նոր գործիքավորմամբ: Դրանք յուրօրինակ նախաբան էին Աստծո Խոսքի պատգամի համար: Օրվա խոսնակը ՀԱԵ ՀԱԹ-ի կանանց խմբի առաջնորդ Իննա Ավակովան էր, ով Աստվածաշնչի մի շարք հատվածների (Եզեկիել 36.26, Բ Կորնթացիս 5.17-20, Ա Կորնթացիս 10.23, Ծննդոց 32.24-30) սերտողության վրա հիմնված պնդումներով խոսեց ներքին փոփոխության կարևորության, Աստծո հանդեպ ունեցած հավատարմության կայունության, Աստծո շնորհքի ու մեր ընտրության հնարավորության մասին, հորդորեց անդրադառնալ մեր կյանքի փոփոխության ընթացքին. արդյո՞ք Քրիստոսին հանդիպելուց հետո հին մարդը փոխվել է, թե՞ դեռևս ունենք հին մարդուց մնացած սովորություններ, որոնք Աստծուն հաճելի չեն:

Պատգամից հետո համագումարի մասնակիցները բաժանվեցին խմբերի ու փորձեցին քննարկել լսած նյութն ու անձնական անդրադարձ կատարել: Քույրերը հիշեցին իրենց ապաշխարության փորձառությունը, ո՞վ էին նախքան Աստծուն ճանաչելը, ի՞նչ է փոխվել Հիսուսին հանդիպելուց հետո, ինչու՞ եկեղեցի հաճախելը երբեմն չի փոխում մարդու կյանքը, ի՞նչն է խանգարում Աստծո հետ մտերմիկ հարաբերություն ունենալուն և ինչպե՞ս ձերբազատվել հին մարդուց ու վերածնվել Քրիստոսում:    

80-ից ավելի կանայք մարտահրավեր ստացան՝ հներն անցան ու ամեն բան նոր է՝ Քրիստոսի շնորհքով:  

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Երևանի 3 համայնքների կանայք միասին նաև ժամանցային պահեր ունեցան, խաղացին, հումորային սկեչեր դիտեցին, փոխանակվեցին նախապես պատրաստած նվերներով և տուն վերադարձան ուրախ, Աստծո Խոսքով քաջալերված և Տիրոջ կամքի համեմատ փոխվելու որոշմամբ:

Նախորդ
...
X