Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը, քրիստոնեության անկյունաքար համարվող իրադարձությանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ: Ավագ շաբաթվա ընթացքում ամեն օր պաշտամունքներ են լինում, որոնք ուղեկցվում են Աստվածաշնչյան սերտողություններով: Հարության տոնին միասնական պաշտամունքից բացի, մանուկներն ու պատանիները առիթ են ունենում Հիսուսի Հրաշափառ Հարության լուրն իմանալ տոնական միջոցառման ընթացքում: Ամեն տարի մոտ 5000 մանուկ, պատանի ու մեծահասակ է մասնակցում Սուրբ Հարության տոնին:
Այս տարի՝ ապրիլի 16-ին, Ստեփանավանի ՀԱԵ-ում, Հիսուսի հրաշափառ հարության մասին պատմեցին «Կյանքի չորս դռները» վերնագրված ներկայացման միջոցով: «Ընկերության», «եսասիրության», «փողի» դռներով անցնելով, ներկայացման հերոսները բացահայտում են, որ դեպի փրկություն տանող միակ դուռը Հիսուսն է, ով նրանց հետ էր ամեն ժամանակ և թույլ չէր տալիս , որ սխալվեն:
Վանաձորի ՀԱԵ-ում Սուրբ Հարության երգեր հնչեցին «Զարթոնք» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ, այնուհետեւ եկեղեցու թատերախումբը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարեւոր դրվագները, այդ թվում եւ Հարությունը, ներկայացրեց բեմականացման միջոցով:
Աբովյանի ՀԱԵ-ում, մանուկներն ու պատանիները Հարության բարի լուրն ավետեցին երգերի եւ բանաստեղծությունների միջոցով՝ կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում: Այնուհետեւ, նրանց համար նախատեսված հատուկ ծրագրի ընթացքում, խաղացին, ձեռային աշխատանք կատարեցին եւ պատմեցին Ավետարաններում նկարագրված Հարության պատմությունը՝ համպատրաստից դրանք բեմադրելով:
Քրիստոսի կյանքը մնջախաղով ներկայացրեց Գյումրու ՀԱԵ թատերական խմբակը, իսկ փառաբանությանը գույներ տվեցին Կիրակնօրյա Դպրոցի յոթ-ութ տարեկան երեխաները:
Քրիստոսի հարությունը քրիստոնյաներիս համար եղավ դուռ դեպի հավիտենականություն, այն սկիզբ դրեց կյանքի կրոնի համար: Սա հույսի և ուրախության պատգամ է բոլոր հավատացողների համար:
Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի…