.
«Շախմատային հանդիպում»՝ Սուրբ Հարությանը նվիրված ներկայացում

Ապրիլի 26-ին և 27-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու եւ Հայ Ավետարանչական ընկերակցության  «ՀԱՅԱՍԱ» թատերախումբը, ՀԱԵ Բաղրամյան 18-ում ներկայացրեց Սուրբ Հարության տոնին նվիրված «Շախմատային հանդիպում» խորագրով ներկայացումը (բեմադրիչ` Նունե Աբրահամյան):

Բեմում դրված սեղանին կային շախմատի տախտակ, խաղաքարեր, սակայն չկար դատավոր, և չէր լսվում ժամացույցի տկտկոցը: Շախմատի տախտակի շուրջ հայտնվել էին խավարն ու լույսը և մի մոլի փողասեր գրոսմայստեր:  Նրան չէր հուզում ո՛չ Բեթհովենի երաժշտությունը, ո՛չ շախմատի գեղեցկությունը: Նա արտասովոր անձնավորություն էր, և կարծես նրա համար շախմատից զատ ոչինչ գոյություն չուներ, սակայն դա մի շղարշ էր` քողարկելու նրա իսկական էությունը՝ փողի հանդեպ մեծ սերը, որն էլ նրա աստվածն էր:

Ներկայացման սկզբում բեմում ծավալվեց մի իսկական հոգևոր պայքար լույսի տիրակալի՝ Հիսուսի և խավարի տիրակալի՝ սատանայի միջև` գրոսմայստերի ապաշխարության, նրա հոգու փրկության և մոլության ու անօրենության մեջ նրան պահելու համար:

Լույսը՝ խավարի հալածիչը՝ Հիսուսը, ցանկանում է գրոսմայստերի հոգուց դուրս մղել մեղքերի և անգիտության խավարը, ուզում է լուսավորել  նրա միտքը`  գիտակցելու, որ մոլությունը մարդու կյանքը դժոխքի վերածող  բացասական ու ավերիչ ուժ է, որը զրկում է նրան փրկությունից և հավիտենական կյանքի գեղեցկությունից:

Սակայն խավարը, որն ամբողջ ներկայացման ընթացքում պտտվում է գրոսմայստերի շուրջն ու տարբեր կերպ գայթակղում նրան` ցույց տալով մեղքի կարծեցյալ առավելությունները, Աստծուն հակառակ գործելու նրա իրավունքը, ի վերջո պարտվում է:

Աստվածաշունչը հաճախ է օգտագործում լույսի ու խավարի հակադրությունը, որպեսզի ցույց տա Աստծու և չար ուժերի միջև եղած տարբերությունը, հակադրությունն ու պայքարը. «Աստված լույս է, և նրա մեջ ոչ մի խավար չկա» (Ա. Հովհ.1.5): Չար ուժերը, սակայն, խավար աշխարհի տիրակալներ են: Հիսուսն իր կյանքով, մահվամբ ու հարությամբ  հաղթեց խավարին:

Եվ գրոսմայստերն էլ ի վերջո խավարից անցավ դեպի լույսը, և ինքն էլ իր հերթին դարձավ մի նոր լույս` ուրիշներին լուսավորելու համար:

Նախորդ
...
X