.
«Ես և դու» պատանեկան համագումար Երևանում

Բազմազանություն միասնության մեջ. Երևանի տարբեր թաղամասերից, տարբեր տարիքի, նախասիրության ու կարողությունների տեր ավելի քան 70 պատանու համախմբել էր «Ես և դու» խորագրով պատանեկան համագումարը:

Ապրիլի 29-ին Բաղրամյան 18-ում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախասրահը «պայթում էր» պատանեկան ծիծաղից, աշխուժությունից ու էներգիայից: Երևանում գործող Հայաստանյայց Ավետարանական երեք եկեղեցու (Բաղրամյան 18, ՀԱԹ, Հույսի Տուն) և Ավետիսյան դպրոցի Սուրբ Գրքի սերտողության պատանեկան խմբի ներկայացուցիչները մեկտեղ էին հավաքվել:  

Ծրագիրը սկսվեց ծանոթության ու մտերմություն ամրացնող թիմային խաղերով: Պատանիները միասին փորձեցին տարբեր գլուխկոտրուկներ լուծել, ֆիզիկական ու մտային ճկունություն դրսևորել, խաղացին, ծիծաղեցին, իրար օգնեցին, մրցեցին միմյանց հետ. կարծես ամառային ճամբարում լինեին:

Նախասրահում տիրող աշխուժությունը փոխարինվեց ակնածանքով լի փառաբանությամբ, երբ համագումարի մասնակիցները եկեղեցասրահ մտան: Առաջնորդներից ու պատանիներից կազմված բենդի կատարմամբ հոգևոր երգերը քաջալերում էին պատանիներին՝ միաբանվել նաև փառաբանության մեջ: 

Երբ հերթը հասավ համագումարի բուն թեմային, օրվա խոսնակը՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում փորձառական շրջանի հովիվ Արմեն Միսակյանը, ներկաների ուշադրությունը հրավիրեց բեմի վրա դրված պաստառի գրությանը՝ «Ես և դու»... այդքան տարբեր, յուրահատուկ, չկրկնվող, բայց, միևնույն ժամանակ, մեկ: Պատգամի բնաբան հատվածը Պողոս Առաքյալի՝ Գաղատացիներին ուղղված նամակի 3.26-29 համարներն էին. «Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով»։ Խոսնակը նկատեց, որ մեր տարբերությունները վերանում են հավատքի միջոցով: Մենք անհատապես յուրահատուկ ենք, բայց մեր յուրահատկությունն իսկապես արժեքավոր է դառնում միաբանության մեջ: 

Որպես պատկերավոր օրինակ՝ Արմեն Միսակյանը լեգոյի մի հատիկ ցույց տվեց պատանիներին ու հարցրեց՝ արդյո՞ք կգնեին այն: Որքան էլ գեղեցիկ գույն, տարբերվող ձև ու չափ ունենա լեգոյի մասնիկը, այն ինքնուրույն արժեք չունի, որովհետև իր տեղում չէ: Այնուհետև ցուցադրեց լեգոյից պատրաստված մի տուն, ու տեղադրեց այդ մասնիկը բացակայող տեղում. «Աստծո կամքն է, որպեսզի մեր բազմազանությամբ մենք միաբանության մեջ լինենք, բայց որպեսզի հասկանանք, թե որն է մեր յուրահատկությունը, պետք է գտնենք, թե ինչ շնորհ է Աստված մեզ տվել և ինչպես կարող ենք այդ շնորհն ի փառս Աստծո գործածել»,- նշեց Արմեն եղբայրը: 

Համագումարի երկրորդ բաժնում պատանիները փոքր խմբերի բաժանվեցին, որտեղ, արդեն անհատական քննարկման մակարդակում, անդրադարձան օրվա թեմային ու այն կյանքում կիրառելու գործնական միջոցներին: Իսկ երբ եկեղեցասրահ վերադարձան, բեմում նրանց երկրորդ պաստառն էր սպասում՝ «Ես և դու», այս անգամ՝ Քրիստոսի ձեռքերի մեջ: Նյութն ամփոփելիս՝ Արմեն Միսակյանը հիշեցրեց պատգամի բնաբան հատվածն ու հստակեցրեց՝ բոլոր տարբերություններով հանդերձ՝ միաբանությունը հնարավոր է միայն Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով ու Նրա օգնությամբ: Որպես գործնական քայլ՝ նա առաջարկեց փնտրել միասնություն Աստծո և եկեղեցու հետ, ու հիշել, որ միաբանությունն ինքնանպատակ չէ, այն առաքելություն ունի` Ավետարանը տարածել նաև մեր ապրած կյանքով ու վկայությամբ՝ միաբանություն դրսևորելով խոնարհության ու ծառայության մեջ՝ ծառայելով նաև միմյանց:

Համագումարի ավարտին պատանիներին նաև գործնական առաջադրանք տրվեց: Պատրաստված նվերները՝ հոգևոր գրականությունը, յուրաքանչյուր խումբ պետք է սպասասրահից բեմ հասցներ, բայց թե ինչպես, իրենք պետք է որոշեին: Ոմանք միայնակ կրեցին այդ բեռը, մյուսները ծանրությունը բաժանեցին խմբի անդամների միջև ու ավելի թեթև տեղ հասան: ՀԱԵ ՔԴ աշխատակից Շուշան Ենգիբարյանը գործնական աշխատանքի իմաստն այսպես բացատրեց. «Կյանքում տարատեսակ խնդիրներ կլինեն, դժվարությունների կբախվեք, ստիպված կլինեք կրել այդ բեռը, բայց դուք եք որոշելու, թե ինչպես. հիշե՛ք, որ կարող եք նաև միմյանց բեռը կրել՝ միաբանության մեջ»: 

Միասնություն բազմազանության մեջ. տարբեր, յուրահատուկ ու չկրկնվող պատանիները համագումարից տուն վերադարձան մեկ համոզմամբ՝ Քրիստոս Հիսուսին հավատալով՝ վերանում են տարբերությունները ու ստեղծվում է միաբանություն, որտեղ «ես և դու», չկորցնելով անհատականությունը, դառնում ենք «մենք»:  

 

Նախորդ
...
X