.
ՀԱԵ կանանց համագումար Սիսիանում

2023 թ.-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու՝ «Իմ սիրտը Քո տունն է» խորագրով կանանց մեկօրյա համագումարի վերջին հանգրվանը Սյունիքի մարզն էր: ՀԱԵ Սիսիանի հովիվն ու ծառայողները ջանք ու եռանդ չէին խնայել, որպեսզի մայիսի 13-ին հյուրընկալ ու ջերմ լինի Կապանից ու Գորիսից ժամանած քույրերի հաղորդակցությունը Սիսիանի կանանց խմբի անդամների հետ: 

50-ից ավելի մասնակից, հաղորդակցության ու հյուրասիրության առիթներից առավել, միասնական էր փառաբանության, պաշտամունքի ու Աստծո Խոսքը սերտելու մեջ: 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց Ռոբերտ Բոյնդ Մյունգերի «Իմ սիրտը Քրիստոսի տունն է» գրքի պատմությունը, որի հիման վրա էլ պատրաստվել են կանանց մեկօրյա համագումարների ու ամռանը նախատեսվող եռօրյա համագումարի թեմաները: Խոսելով ներածության մասին՝ վեր. Հովսեփյանը նշեց, որ Քրիստոսը բնակվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով և Սուրբ Հոգու գործի որակական դրսևորումներն են՝ սիրո մեջ արմատավորվելը (Եփ. 3.17), հասկանալը (Եփ. 3.18-19), Աստծո ամբողջությամբ լցվելը (Եփ. 3.19): Համագումարի մասնակիցները լսեցին նաև սրտի «գրադարանի» մասին, որը խորհրդանշում է մեր միտքը (Փիլիպպեցիս 4.8-9): 

Հիմնական նյութը լսելուց հետո կանայք բաժանվեցին փոքր խմբերի, որտեղ, արդեն անհատական մակարդակով, փորձեցին սերտել նյութն ու անձնական անդրադարձ կատարելով՝ գործնական քայլեր որոշել: Իսկ երբ եկեղեցասրահ վերադարձան, լսեցին նյութի ամփոփումը՝ զետեղված երկու կարևոր հարցերում՝ իմ սիրտը պատրա՞ստ է (Սաղմոս 57.7), իմ միտքը պատրա՞ստ է (Հռովմ. 12-1-2): 

Համագումարի ավարտին մասնակից կանանց անակնկալ էր սպավում. ՀԱԵ Սիսիանի ծառայողները գեղեցիկ վարդեր նվիրեցին՝ հիշեցնելով, որ Աստծո սրտի համեմատ կինն անուշաբույր վարդի պես է: 

Հունիսի վերջին, ՀԱԵ կանանց սերտողության խմբերի մասնակիցներն առիթ կունենան ներկա լինելու ամառային համագումարին, որի ընթացքում կլսեն սրտի մյուս «սենյակների» կարևորության ու դրանք Քրիստոսի համար նախապատրաստելու անհրաժեշտության մասին: 

 

Նախորդ
...
X