.
«Իմ սիրտը Քո տունն է» կանանց ամառային համագումար

2023թ.-ի հունիսի 22-24-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց համար հիշարժան օրեր էին: Ամառային համագումարը, որին սպասել էին ուղիղ մեկ տարի, իրականություն դարձավ՝«Իմ սիրտը Քո տունն է» խորագրի ներքո: Այն, ինչ Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբերը սովորեցին մեկօրյա տարածաշրջանային համագումարներին, ամբողջացավ ու ամփոփվեց ամառային երկօրյա համագումարին: Հայաստանի տարբեր շրջաններից հավաքված մոտ 170 կանայք ու աղջիկներ անդրադարձան իրենց սրտի ծածուկ անկյուններին: Խոսնակի՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի օգնությամբ մտան նախ ճաշասենյակ, որն ախորժակի ու ցանկությունների սենյակն է, Աստծո Խոսքի լույսի ներքո (Մարկ. 7.14-23, Մատթ. 7.21-23) տեսան, թե ինչպես է մարդու պղծությունը ներսից գալիս, սովորեցին, որ մեղքին ձգտող մեղավոր էությունը կարող է փոխվել միայն Քրիստոսի օգնությամբ: Համագումարի մասնակիցներն անդրադարձան նաև մանկության սենյակին, որտեղ պահված հուշերն ու ցավերը հաճախ խանգարում են առաջ շարժվելու, և այդ խնդրի լուծումն էլ հոգևոր հարթակում է՝ Քրիստոսը բժշկում է նաև անցյալի վերքերից (Հովհ. 3.1-15): Մտնելով «սրտի ննջասենյակ»՝ քույրերը լսեցին սրբության կյանքի կարևորության մասին (Ա Թես. 4.1-8), իսկ «շքամուտքի» մասին լսելիս՝ հասկացան անձնական վկայությամբ Քրիստոսի մասին պատմելու կարևորության մասին (Հովհ. 1.35-46): Յուրաքանչյուր թեմայից հետո կանայք բաժանվում էին փոքր խմբերի և առաջնորդների օգնությամբ փորձում անձնական անդրադարձ կատարել ու գործնական քայլերի որոշում կայացնել: 

Համագումարի յուրաքանչյուր օրը սկսվում էր անհատական կամ խմբային մենիկ պահով: Աստծո Խոսքի շուրջ թեմատիկ խորհրդածությունն ու աղոթքն օգնում էին, որպեսզի համագումարի մասնակիցները վաղ առավոտից խորհեին օրվա նյութի շուրջ, իսկ առավոտյան պաշտամունքներն ամբողջացնում էր միասնական փառաբանությունը:

Թեմատիկ էր նաև ձեռային աշխատանքը. փայտե փոքրիկ տնակի տեսքով կրծքանշանները, որոնց ներսում գտնվող սիրտը կանայք խնամքով ներկեցին կարմիր, այսուհետև ոչ միայն կզարդարեն նրանց հագուստները, այլև յուրահատուկ հուշում կլինեն «Իմ սիրտը Քո տունն է» խորագրով սերտողությունների ընթացքում կայացրած որոշումների մասին: 

Երեկոյան ժամերին օրհնություններով կիսվելու և միասնական աղոթքի առիթներ էին ստեղծվում, որի ընթացքում նաև փառաբանության երգեր էին բարձրանում առ Աստված: Կանայք իրենց աղոթքները փակցրին նաև սիրտ խորհրդանշող պաստառի վրա:

Յուրահատուկ օրհնություն էր նաև կանանց համագումարին վեր. Մկրտիչ Մելքոնյանի և Հուրի Մելքոնյանի ներկայությունը: Համագումարի վերջին օրվա՝ Սուրբ Հաղորդության պաշտամունքի պատգամաբերը Վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Նա խոսեց մեր ինքնության մասին՝ անդրադառնալով Ա Պետրոս 2. 9-10 համարներին:   

Ամառային համագումարի յուրահատուկ երկու օրը, սերտողությունները, հաղորդակցությունը, միմյանց հետ շփումը մի ամբողջ տարի ջերմացնում է ՀԱԵ կանանց հուշերը, խրախուսում, որպեսզի շարունակեն սերտել Աստծո Խոսքը, աճեն սրբության կյանքում և իրենց առաքինությամբ լավ օրինակ լինեն մյուսների համար:

Նախորդ
...
X