.
ՀԱԵ տարեկան համաժողով

Աշխատանքային տարին ամփոփելու, եկող տարվա մարտահրավերներն ու Աստծո Խոսքով դրանց հիմնավորումները լսելու համար Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 105 պատվիրակ ու պատվո հյուր հունիսի 25-27-ը Հանքավանում էին: ՀԱԵ 2023թ.-ի Տարեկան Համաժողովն այս անգամ «Հետևի՛ր ԻՆՁ» խորագիրն էր կրում՝ հիմնված Հովհ. 12.26 համարի վրա. «Եթե մեկը ծառայում է ինձ, թող գա իմ հետևից, և որտեղ ես եմ, իմ ծառան ևս այնտեղ կլինի։ Եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի Հայրը»։ 

Համաժողովի առաջին օրը Հայաստանի ու Արցախի ՀԱԵ օրհնությունների ու դժվարությունների մասին լսելու ու մարտահրավերների համար աղոթելու օր էր: ՀԱԵ տեղական եկեղեցիների գրեթե բոլոր հովիվներն իրենց փորձառությամբ կիսվելու և միմյանց հոգսերի համար աղոթելու առիթ ունեցան: 

Մինչ այդ լսեցին համաժողովի խորագրի առաջին պատգամը՝ «Ո՞վ է հավատարիմ հետևորդը» (Հովհ. 12.26)

Առավել լեցուն էր համագումարի 2-րդ օրը: Այն սկսվեց փառաբանության պաշտամունքով, որից հետո Համագումարի խոսնակը՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը խոսեց «ՀԱԵ հովիվ, հոգաբարձու և եկեղեցի։ Միմյանց հանդեպ ունեցած պարտականություններն ու դերերը» թեմաների շուրջ՝ հովվական էթիկայի, հովվի դերի մասին ինչպես Աստծո, այնպես էլ եկեղեցու հանդեպ (Ա․ Պետ․ 5.1-4б), ո՞րն է եկեղեցու դերն ու նպատակը, հիմքը, անկյունաքարը (Եփես․ 4.13, Ա. Կորնթ. 3.11, Մատթ.21.42): Վեր. Հովսեփյանը խոսեց Աստծո տված մեծ հանձնարարականի մասին՝ աշակերտներ պատրաստել Քրիստոսի համար:    

Հոգևոր բաժիններին հաջորդում էին աշխատանքային ժողովները։ Առաջինը սկսվեց ավագ հովվի 2022-2023 թթ. աշխատանքային տարվա հաշվետվությամբ: Ընթացիկ ծառայությունների ամփոփումից զատ՝ վեր. Հովհաննես Հովսեփյանը մի քանի կարևոր հայտարարություն արեց. նախ նշեց, որ առաջիկայում ՀԱԵ հովիվների ծառայության դաշտի փոփոխություն է սպասվում՝ մասնավորապես Երևանի Բաղրամյան 18-ում Արմեն Միսակյանի և Ստեփանավանում Խաչիկ Նազարյանի մեկ տարվա փորձաշրջանի ավարտով պայմանավորված: 

Համագումարին, հայտնի պատճառով, ներկա չէին Արցախի ՀԱԵ հովիվն ու պատվիրակները, սակայն կարևոր փոփոխություններից մեկը հենց նրանց է վերաբերում: Վեր. Հովսեփյանը հայտարարեց Արցախում ՀԱԵ հովվի փոփոխության մասին. Պատ. Խաչատուր Խաչատրյանին պատրաստ է փոխարինել պատ. Արմո Արզումանյանը, ով ծառայության կոչին արձագանքել է դեռևս ամիսներ առաջ, սակայն հայտնի պատճառներով չի ստանձնել այն: Ավագ հովիվը փառք տվեց Աստծուն երկու հովիվների համար էլ ու հայտարարեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատ. Խաչատուր Խաչատրյանը կվերադառնա Հայաստան, իսկ Արմո Արզումանյանը կմեկնի Արցախ: Այդ ընթացքում, եթե անհրաժեշտություն առաջանա, եկեղեցու հանդեպ հոգածությունն ու բեմի ծառայությունը հոժարակամորեն պատրաստ է ստանձնել Արցախում ԱՀԱԸ ներկայացուցիչ ինչպես նաև Արցախում ՀԱԵ հոգաբարձության անդամ Վիկտոր Կարապետյանը։ 

Մեկ այլ՝ ցավալի հայտարարություն էր ՀԱԵ Արմավիրի նախկին հովվի՝ Գարուշ Անտոնյանի կարգալույծ արվելու մասին լուրը: Վեր. Հովսեփյանը նշեց, որ ՀԱԵ Հոգևոր Խորհուրդը երկար ժամանակ քննել ու եկել է եզրակացության, որ Անտոնյանը խախտել է հովվական ուխտի կարևոր դրույթներ: Հնարավորություն է տրվել, որպեսզի Գարուշ Անտոնյանն անդրադառնա այդ խախտումներին, ընդունի սխալն ու ապաշխարությամբ նոր ընթացք սկսի հոգևոր դաշտում, սակայն վերջինս չի ընդունել սխալը, շարունակել է համայնքին թյուրիմացության մեջ գցել, որի հետևանքով ՀԱԵ Արմավիրի եկեղեցաշենքի դռներն այսօր փակ են, համայնքն ինքնակամ լքել է ՀԱԵ մեծ ընտանիքը, իսկ հովիվը կարգալույծ է արվել:

Հաշվետվություններով հանդես եկան նաև ՀԱԵ հոգևոր խորհրդի նախագահը, գանձապահն ու ատենադպիրը, ինչպես նաև ՀԱԵ հովվական հանձնախումբը, ՀԱԵ ՔԴ բաժինը, կանանց աշխատանքային խումբն ու եղբայրական ծառայությունները համակարգող հանձնախումբը: 

ՀԱԵ հովիվները, պատվիրակներն ու պատվո հյուրերը լսեցին նաև ՀԱԵ կանոնադրության մեջ հոգաբարձուների դերի ու հովվի հետ հարաբերությունների մասին։ Քննարկման, հարց ու պատասխանի առիթ ունեցան: 

Համաժողովին մի քանի ժամով ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն ու Հայաստանի գրասենյակի ղեկավար Արեն Դեյիրմենջյանը: Պարոն Խանջյանի խոսքը հորդոր էր՝ անդրադառնալու, թե ինչ ժառանգություն ենք թողնում, որն ավարտեց Թեքեյանից մեջբերումով. «Կեանքէն ինծի ի՞նչ մնաց. ինչ որ տուի ուրիշին. տարօրինա՜կ, ա՛յն միայն»։

Արեն Դեյիրմենջյանը խոսեց ԱՀԱԸ-ի Հայաստանում իրականացվող ծրագրերի և ՀԱԵ-ի հետ համագործակցության մասին: 

Համաժողովի մշակութային մասն ապահովեց ՀԱԵ Բաղրամյան 18-ի երիտասարդական երգչախումբը՝ հոգևոր երգերի կատարմամբ:

Համաժողովն ավարտվեց ՀԱԵ ՀԽ ընտրությամբ և Սուրբ Հաղորդության պաշտամունքով, որի պատգամաբերը վեր. Մկրտիչ Մելքոնյանն էր: Վերապատվելին խոսեց Հուդա 1.17-23 համարների շուրջ, որը հիշեցում է հավատացյալներին՝ զգուշանալ անհավատությունից:

Նախորդ
...
X