.
Մարդ կերտելը՝ թիվ մեկ առաքելություն

 

Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել:

 

Բ Տիմ․ 2․2

 

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին 177 տարի՝ իր կազմավորումից ի վեր, գործել է հստակ առաքելությամբ, որ է․

-          Ավետարանի բարի լուրը՝ Աստծո փրկության ծրագիրը, հասկանալի, լսելի և ընկալելի դարձնել հայ ժողովրդին թե՛ արևմտյան և թե՛ արևելյան Հայաստանում, իսկ հետագայում նաև Եղեռնից մազապուրծ աշխարհասփյուռ հայությանը։

-          Ինչպես նաև Աստծո Խոսքին հավատարիմ մարդիկ բարձրացնել՝ հայ ինքնություն և ավետարանական դիմագիծ կերտելով նրանցում, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ուրիշներին սովորեցնեն՝ փոխանցելով իրենց վստահված ավանդը՝ Քրիստոսի մաքրամաքուր ավետարանը, մաշտոցյան հայերենով, հայաշունչ հոգով և մտածողությամբ։

Ավետարանի քարոզչությունը ՀԱԵ գործունեության ողջ ընթացքում չի սահմանափակվել ո՛չ անհատի կարգավիճակով և ո՛չ էլ հավաքական կյանքի պարագաների փոփոխությամբ: Ցեղասպանության տարիներին զրկվելով իրենց բնականոն կյանքից, իրենց հարազատ ծննդավայրերից, արմատախիլ լինելով հողից, կորցնելով սիրելի անձերի և ստիպված լինելով նոր կյանք սկսելու «Երուսաղեմից ու նրա սահմաններից դուրս»` հայ ավետարանականները, առաջին դարի եկեղեցու պես՝ հալածանքների, աքսորի և մահվան սպառնալիքի տակ, հավատարիմ մնացին ավետարանին և իրենց առաքելությանը:

Հալածանանքերը խթանեցին Ավետարանի քարոզչությանն առաջին դարում․

«Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով» (Գործք Առ․ 8.4):

Աշխարհով մեկ ցրված հայ ավետարանական հավատարիմ մնացորդը, խարիսխ նետելով հեռավոր մայրցամաքների ափերին, շարունակեց քարոզել, կրթօջախներ հիմնել, ուսուցանել և ավետարանական դիմագծով սերունդ բարձրացնել՝ Աստծո հետ հավատի անձնական փորձառությամբ, հայեցի դաստիարակությամբ և մարդասիրական բազմազան ծրագրերի միջոցով։

Անցյալի հարուստ, հոգևոր ժառանգությունը, ավետարանական ռահվիրանների հավատարիմ ընթացքը, կերտած ուղին, թողած ավանդն ամուր պատվանդան հանդիսացան, որի վրա հավատարիմ մարդիկ, սերունդներ բարձրացան և շարունակեցին իրենց վստահված գործն ու առաքելությունը։

Սա անցյալում՝ նվիրյալների հավատարիմ ընթացքի արդյունքում էր, որ մենք մինչև այսօր պատրաստվեցինք, մինչև այսօր մեզնից առաջ եղողները մեզ վստահեցին գործի շարունակականությունը։ Փոխանցումավազքը մեզ է տրված։

Անցյալը չի կարող կերտել ապագան, որքան էլ այն օրինակելի, հաջող և լի է անուններ ու պատմություններ պարունակող հազարավոր էջերով։ Անցյալը չի կարող կերտել ապագան, եթե ներկայում՝ այսօր, այդ գործի և առաքելության համար հավատարիմ մարդիկ չեն բարձրանում՝ նույն հոգով, տեսիլքով և առաքելությամբ։

Ներկան է ապագայի գրավականը։ Իսկ մեր այսօրը՝ հակառակ բոլոր մարտահրավերների, խոստումնալից կարող է լինել, եթե ավետարանի քարոզչությանը զուգահեռ՝ «Մեծ Հանձնարարականին» հնազանդելով, մենք այսօր մարդ կերտելու՝ հավատարիմ մարդիկ բարձրացնելու գործի առաքելությանը լծվենք։

Տեր Հիսուս Քրիստոսը համբարձումից առաջ պատվիրեց իր աշակերտներին՝ աշակերտելու բոլոր ազգերին, սովորեցնելու և Իր ավետարանը փոխանցելու, որպեսզի նրանք այդ ամենը պահեն (Մատթ․ 28․19-20)։

Պողոս առաքյալը, այդ պատվերին հնազանդելով, քարոզչությանը զուգահեռ, մարդիկ պատրաստեց, որպեսզի Քրիստոսի կողմից իրեն վստահված առաքելությունը չկանգնի, այլ՝ շարունակություն ունենա։ Նա նաև հորդորեց, որ բոլոր ժամանակաների «Տիմոթեոսներն» իրենց «այսօր»-ում հավատարիմ մարդիկ բարձրացնեն, որոնք ընդունակ կլինեն ուրիշներին սովորեցնելու, այդ ուրիշներից հավատարիմներին առանձնացնելու և նրանց հետ ու նրանց միջոցով ապահովելու առաքելության և գործի շարունակականությունը։

Այսօրը մեր գերագույն մարտահրավերն է։ Այսօրը հատկապես ներկա, գործող ավետարանական հովիվների, եկեղեցիների, բայց նաև ավետարանական կրթօջախների, մարդասիրական ծառայությունների մարտահրավերն է։

Այսօրն առաքելության և գործի շարունակականության մարտահրավերն է մեր առջև դրել։

Մարդ կերտելն առաջնահերթ առաքելություն է։

 Ու՞ր են այսօր մարդ կերտող հովիվները, հավատարիմ մարդիկ, ապագա հավատարիմ սերունդ բարձրացնող եկեղեցիները։

Այսօր հովվի, առողջ եկեղեցու հաջողության ցուցանիշն Աստծո Խոսքի մաքրամաքուր քարոզչությունն է, ուսուցումը և դրա հետ զուգահեռ՝ աշակերտությունը, մարդ կերտելու առաքելությունը։

Այսօր մենք մեր ռազմավարությունը վերանայելու, մեր առաքելությունը և գործը հստակեցնելու կարիք ունենք։ Այսօր մենք Աստծուն հավատարիմ մարդիկ բարձրացնելու առաքելություն և գործ պիտի կատարենք։

Այսօր մենք ՀԱԵ հովիվներով, եկեղեցիներով, կրթօջախներով, մարդասիրական ծրագրերով, առաքելության և գործի մեր բոլոր ուղղություններով մեր ամբողջ ներուժը պիտի ուղղենք մեկ նպատակի՝ հավատարիմ, ընդունակ մարդ կերտելուն՝ Աստծուց մեզ վստահված ավետարանի գործի շարունակականության համար։

Մարդ կերտելը թիվ մեկ, առաջնահերթ առաքելություն է այսօր։

 

Վեր․ Հովհաննես Հովսեփյան

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ

01․07․2023թ․