.
Փառաբանության երեկո Դանիել Դեքերի մասնակցությամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Երևանի ու հարակից քաղաքների համայքները հուլիսի 7-ին բացառիկ առիթ ունեցան լսելու ամերիկացի երգիչ-երգահան Դանիել Դեքերի հոգևոր կատարումները, վկայությունն ու քաջալերանքի խոսքը:

Երգիչը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, պատմեց, որ սիրահարվել է մեր երկրին 2001թ.-ից: Դրանից հետո չկա մի տարի, որ չայցելի, սա նրա 23-րդ այցն է: 2005 թ.-ին Դեքերը, սեփական նախաձեռնությամբ,թարգմանել է Արա Գևորգյանի Ադանա երգն ու միջազգային հարթակներում բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին, 2010 թ.-ին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» հայալեզու երգերի առաջին ձայնասկավառակը, 2020 թ.-ի պատերազմի օրերին Հայաստանում էր՝ իր զորկացությունը հայտնելու հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե հայ է ոչ թե արմատներով, այլ իր ընտրությամբ:

Այս անգամ, սակայն, նրա վկայությունը ոչ միայն հոգով հայ լինելու, այլև քրիստոնյա լինելու մասին էր: Ծանր հիվանդության 5 ամսվա ընթացքում, երբ մահվան շուքի ձորով է անցել, հանդիպել է Քրիստոսին, նվիրել կյանքը Նրան ու խոստացել, որ այդուհետ իր երգն Աստծուն պետք է փառավորի:

Նրա հերթական այցը Հայաստան ավելի շատ հոգևոր բովանդակություն ունի. անցնող կիրակիները երգիչն այցելեց Հայաստանյայց Ավետարանական մի քանի եկեղեցի, մասնակցեց տերունական պաշտամունքներին նաև երգով:

Փառաբանության երեկոն նրա այցի յուրահատուկ ամփոփումն էր: Անգլերեն ու հայերեն լեզվով հայտնի հոգևոր երգերի ընթացքում երգիչը պատմեց Քրիստոսին որպես փրկիչ ընդունելու իր վկայության, կյանքի փոփոխության մասին, ինչպես նաև գոտեպնդող խոսքեր հնչեցրեց Հայաստանի ու Արցախի ներկայիս վիճակի ու մարտահրավերների մեջ Աստծո հուսադրող ներկայության մասին:

Դեքերի վկայությունն ու կատարումները շատերին հուզեցին, իսկ քաջալերող խոսքերը՝ գոտեպնդեցին:

Ի նշան երախտիքի՝ Բաղրամյան 18-ում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու փորձառական շրջանի հովիվ Արմեն Միսակյանը համայնքի անունից հայկական զարդաքանդակներով ժամացույց նվիրեց երգչին: Արմեն Միսակյանը նախ շնորհակալություն հայտնեց այն ժամանակի համար, որը Դեքերը նվիրել է հայ ժողովրդին, այնուհետև հույս հայտնեց, որ խորհրդանշական նվերը կհիշեցնի նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում անցկացրած կարճ, բայց բովանդակալից ժամանակի մասին:  

Նախորդ
...
X