.
«Ձեռքդ սրտիս» մանկական ճամբար

Ձեռք-ձեռքի, Աստծուն ճանաչելու փափագն ու սիրելի դարձած ընկերներին տեսնելու ուրախությունը սրտերում. 4 հերթափոխով՝ հուլիսի 3-31-ը, մոտ 800 մանուկ՝ 8-12 տարեկան, Հանքավանի «Շողիկ» ճամբարում էին:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն այս տարի ևս անմոռանալի դարձրին հարյուրավոր մանուկների ամառային հանգիստը:   

«Ձեռքդ սրտիս» մանկական ճամբարի այս տարվա խորագիրն ազդարարվում էր դեռ մուտքից՝ պաստառի միջոցով: Իսկ ճամբարի ողջ ընթացքում մանուկները սովորում ու սերտում էին իրենց սիրտն Աստծո ձեռքը հանձնելու կարևորության մասին:

Ճամբարային 7 օրվա ընթացքում, 5 դասի օգնությամբ երեխաները լսեցին աստվածաշնչյան տարբեր պատմություններ, որոնց հերոսների կյանքը շրջադարձային կերպով փոխվել էր Աստծո հետ հանդիպումից հետո:

Հոգևոր դասերի օգնությամբ ճամբարականները հասկացան, որ Աստված սիրում է իրենց որպես իր զավակների: Երեխաները նաև հասկացան, որ ծնվել են Աստծո կամքով, և հիմա Աստված ուզում է հպվել նրանց սրտին ու փոխել այն՝ դարձնելով Իրեն ավելի հաճելի։

Օրը սկսվում էր մենիկ պահով, որի ընթացքում երեխաները սովորում էին սիրո հինգ լեզուների մասին, համեմատական տանելով տվյալ օրվա դասի թեմայի հետ։ Յուրաքանչյուր սիրո լեզու ներկայացվում էր գործնական  օրինակներով։

«Գոհունակ սիրտ», «հարգալից սիրտ», «խաղաղարար սիրտ», «խոնարհ սիրտ», «Աստծո Խոսքը սիրող սիրտ». յուրաքանչյուր օրվա թեման ամրապնդվում էր ոչ միայն հոգևոր դասերով, այլև առավոտյան դահլիճում փառաբանությամբ, ներկայացումներով, խաղերով ու գործնական աշխատանքներով:

Ճամբարականների առօրյան հարստացնում էին նաև ամենօրյա անակնկալները, ձեռային աշխատանքները, ակտիվ ջրային խաղերը:

Ձեռք-ձեռքի, բայց սիրտն արդեն Աստծո ձեռքը հանձնած՝ մանուկները վերադառնում էին տուն՝ որոշմամբ, որ լինելու են գոհ, հարգալից, խաղաղարար, խոնարհ ու Աստծո Խոսքը սիրող:  

Նախորդ
...
X