.
Բարեկարգյալ եկեղեցիների համաշխարհային միության կոչն Արցախի շրջափակման վերացման համար

Բարեկարգյալ եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC), որի կազմում 100 միլիոն քրիստոնյա կա աշխարհի 105 երկրից ու բողոքական 233 համայնքից, հայտարարություն է տարածել, որտեղ ահազանգում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության անհրաժեշտության մասին:

Հայատարարությունը վերնագրված է. «WCRC -ը Լեռնային Ղարաբաղում արդարացի խաղաղության կոչ է անում»: Բովանդակությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Բարեկարգյալ եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հետագայում ներգրավված կողմերին կոչ է անում ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության»:

Այնուհետև, հայտարարության մեջ մանրամասն խոսվում է Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում տիրող հումանիտար աղետից: Հոդված-հայտարարությունն անդրադառնում է Արցախի նկատմամբ վերահսկողության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությանը, ինչպես նաև էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը, 40-օրյա պատերազմին ու դրա հետևանքով այդ իրավունքների կոպիտ խախտումներին:

WCRC-ն իր հայտարարության մեջ հղումներ է կատարում Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանի վերլուծություններին, ինչպես նաև «Ազատ եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրություններին ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանը:   

WCRC-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վերահսկողության իր պահանջներին հասնելու համար բոլոր հնարավոր համաձայնագրերի ու բարոյական նորմերի խախտման մարտավարությունը՝ անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելով, և կոչ է անում իր անդամներին պաշտպանել շրջափակումը վերացնելու և արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար անկեղծ բանակցությունների անհրաժեշտությունը:

Ամբողջական հոդվածն անգլերեն լեզվով կարող եք կարդալ այստեղ՝  http://wcrc.ch/news/wcrc-calls-for-just-peace-in-nagorno-karabakh?