2023թ.-ի Օգոստոսի 15-20-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարը հյուրընկալել էր երիտասարդ ճամբարականներին։ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած 17-ից մինչև 35 տարեական շուրջ 200 երիտասարդ առիթ ունեցավ վայելելու հրաշալի բնությունը, ամիսներ շարունակ պատրաստված զվարճալի և ուսուցողական ծրագիրն ու լսել Աստծո Խոսքը պատգամների ու սեմինարների միջոցով։
Ճամբարի ընդհանուր խորագիրն էր՝ «Բարձրացրու՛ առագաստդ»։ Երիտասարդներն ամեն օր ծանոթանում էին աստվածաշնչյան մի նավարկության պատմության, որից դասեր էին քաղում իրենց իսկ կյանքի «նավարկության» համար։
· Ելից 1.15 - 2.10 գլուխներում նկարագրված զամբյուղի մեջ փոքրիկ Մովսեսի «նավարկության» պատմությունից երիտասարդները սովորեցին, որ անկախ հանգամանքներից, դժվարություններից ու իրենց անզորությունից՝ իրենք առաքելությամբ են ծնված, և պետք է որոշում կայացնեն այն բացահայտելու համար:
· Հովնան 1.1-3 համարներում Հովնանի նավարկությանն անդրադառնալով` երիտասարդները սովորեցին, որ ծառայության և գործելու վայրեր ունեն, անդրադարձան` արդյո՞ք հնազանդվում են Աստծուն և պատրա՞ստ են նոր փոփոխությունների:
· Ղուկաս 8.22-25 համարներում նկարագրվող աշակերտների նավարկության ու փոթորկի պատմությունից երիտասարդները սովորեցին, որ կյանքում տարատեսակ փոթորիկներ կարող են լինել, որոնց հաղթահարման համար հավատք է պահանջվում և որոշում՝ մնալ նույն տեղու՞մ, թե՞ առաջ շարժվել:
· Գործք Առաքելոց 27 և 28 գլուխներում նկարագրված է Պողոս Առաքյալի նավարկությունը դեպի Հռոմ: Նրա ճամփորդության պատմությունն օգնեց երիտասարդներին հասկանալ, որ Աստծո կողմից տրված առաքելությունն ամբողջական է, որի ընթացիկ և վերջնական հանգրվանը Նրա Խոսքի տարածումն է սեփական օրինակով ու կյանքի վկայությամբ:
Ծրագիրը լեցուն էր սեմինարներով, հայրենիքին ու ընտանիքին նվիրված քննարկումներով և բանավեճերով։ Երիտասարները նաև առիթ ունեցան իրենց կարողությունները փորձելու արվեստի տարբեր ոլորտներում, թիմային մտածելակերպը զարգացնող խաղեր խաղացին, իրենց տաղանդները բացահայտող ելույթներ ունեցան, վայելեցին հիանալի դահլիճային շոու ծրագրերն ու համտեսեցին համեղ և օգտակար կերակուրներ։
Այս ամենն իրենց ամբողաջական նվիրումով կազմակերպեցին և իրականացրին Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու ծառայողներն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աշխատակիցները։
Արմեն Միսակյան
ՀԱԵ Երիտասարդական ճամբարի տնօրեն