.
Հովիվներն ու երեցկանայք աղոթում ու ճգնաժամը հաղթահարելու ուղիներ են փնտրում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին դեռ ամիսներ առաջ սեպտեմբերի 24-26-ը համագումար էր ծրագրել հովիվների ու երեցկանանց համար, որի խոսնակները ԱՄՆ-ից հրավիրված վեր. Սերոբ Մկրտիչեանն ու տիկինը՝ Ալինան էին: Ի սկզբանե, թեման պետք է լիներ «Հովիվը՝ ուսուցիչ և աշակերտ»: Սակայն Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սկսված ոճրագործությունն ու մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը փոխեցին օրակարգը:

Երկու օր շարունակ ՀԱԵ հովիվներն ու երեցկանայք միասնաբար աղոթքի էին կանգնած, իսկ քննարկումների ժամանակ, գաղթյալների ներհոսքով պայմանավորված, ճգնաժամի հաղթահարման ուղիներ էին մտածում:

Համագումարի խոսնակներն Աստծո Խոսքով քաջալերեցին՝ պատրաստ լինել հոգևոր, նյութական ու այլ միջոցներով կանգնել արցախահայության կողքին: Այս օրերին ՀԱԵ-ն պատրաստ է ընդհուպ մինչև եկեղեցասրահները գաղթականների համար որպես կացարան կահավորելուն և գործնական հավատքի այլ քայլեր անելուն:

ՀԱԵ-ն արդեն Վարդենիսում, Գորիսում, Սիսիանում, Դիլիջանում, Վանաձորում և Երևանում պատրաստ է հյուրընկալել արցախցիներին:  Ամբողջությամբ արցախահայությանը կծառայի նաև Հանքավաում ՀԱԵ և ԱՀԱԸ «Շողիկ» ճամբարը, որտեղ կծառայեն ՀԱԵ Արցախի նորանշանակ հովիվ պատ. Արմո Արզումանյանն իր տիկնոջ՝ Կարինե Գրիգորյանի հետ: Մյուս հովիվներն ու երեցկանայք, ինչպես նաև եկեղեցիների ծառայողները, հերթափոխով կլինեն Հանքավանում, արցախցիներին կծառայեն հոգևոր ու կենցաղային ոլորտում:

«Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում, և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝ իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին»։

Ա Թեսաղոնիկեցիներին 1.2-3

 

 

Նախորդ
...
X