.
Վերջին պաշտամունքն Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում

Գրեթե 10 ամիս շրջափակված, առանց հոսանքի, վառելիքի, դեղորայքի ու հացի, հոգեպես ու ֆիզիկապես հյուծված, օրեր շարունակ խոնավ նկուղներում՝ անընդհատ ռմբակոծության տակ՝ արցախցիները ստացան իրենց հայրենիքը լքելու լուրը ...

Էթնիկ զտում, տեղահանություն, որը պարտադրվեց Ադրբեջանի կողմից ուղղակի և անուղղակի ճնշումների ներքո:

Սեպտեմբերի 24-ին, երբ Հայաստանյայց Ավետարանական բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում հատուկ աղոթք էր բարձրացվում արցախահայության համար, Արցախի ՀԱԵ անդամները վերջին անգամ, Ստեփանակերտի հարազատ եկեղեցասրահում պաշտամունք էին մատուցում Աստծուն:

Երբ կարճ ժամանակով վերականգնվել է ինտերնետ կապը, եկեղեցու ընդհանուր խմբում հաղորդագրություն են գրել՝ կիրակի օրը պաշտամունք է լինելու, վերջին պաշտամունքն Արցախում: Վստահ չեն եղել, որ համայնքը կհավաքվի, քանի որ շատերն արդեն դեպի Հայաստան ճանապարհին են եղել: 

«Գրեթե 30 մարդ կար: Նորից պատերազմ, նորից զոհեր: Տխուր էին, ճնշված, շատերս հարազատ ընկեր կորցրինք նորից, բայց մարդկանց աչքերի մեջ հույսը չէր մարել, սիրով էին լցված: Ու այդ վտանգավոր պահերին նորից Աստծո տուն շտապեցին»,- պատմում է Արցախում ՀԱԵ հոգաբարձության անդամ, նաև վերջին շրջանում եկեղեցու բեմի ծառայությունը ստանձնած Վիկտոր Կարապետյանը։ Արցախում ՀԱԵ վերջին պաշտամուքին նա խոսել է Ղուկաս 11.5-8 համարների շուրջ: Քաջալերել է ներկաներին, որ գութ ունենան ու կարեկցանք, չկորցնեն իրար օգնելու հնարավորությունը, անկախ ամեն ինչից՝ թախանձագին և աղերսանքով աղոթեն ու չհոգնեն, աղոթեն իրենց ազգի ու երկրի համար, Աստծո դուռը ծեծեն, մինչև բացվի: 

«Դա կարծես հրաժեշտի պաշտամունք էր, հրաժեշտ ոչ թե Աստծուն, այլ այն հարազատ միջավայրին, որտեղ գտել ենք Աստծուն ու մեծացել Նրա շնորհով»,- պատմում են Հայաստան հասած Արցախի ՀԱԵ անդամները: Նրանք գիտակցել են, որ գուցե վերջին անգամ է Արցախից փառաբանության պաշտամունք բարձրանում առ Ատված ու աղոթքներ ուղղվում Քրիստոսին: 

«Հոսանք չկար, երաժշտություն նույնպես, բոլորս ծունկի վրա էինք՝ արցունքներով ու աղաչանքով, որ Աստված Իր կամքը ցույց տա»,- պատմում է Արցախի ՀԱԵ 20 տարվա երաժիշտը` Գայանեն, ով առաջին անգամ պաշտամունքի ընթացքում ոչ թե առջևում փառաբանությունն է առաջնորդել, այլ եկեղեցասրահի վերջում մյուսների հետ հավասար ծունկի է եկել: Փառաբանության աղոթքից ու Աստծո Խոսքով քաջալերվելուց հետո միասին երգել են «Խաղաղության Աստված» երգը:

Հարցին՝ որևէ մեկը լուսանկարե՞լ է վերջին պաշտամունքը, պատասխանում են ժպիտով. «Ոչ մեկիս մտքով չի անցել, բոլորս ամբողջությամբ պաշտամունքի մեջ էինք»:

Մարդիկ տխուր էին, բայց քաջալերված, պատերազմի մեջ, բայց ներքին խաղաղությամբ, լացում էին, բայց վստահ էին, որ Աստված ապահով դուրս է բերելու իրենց թշնամու ճիրաններից: Պաշտամունքի վերջում ծառայողները երկար հաղորդակցվել են, գրկել, օրհնել իրար, հրաժեշտ տվել միմյանց ու հարազատ դարձած եկեղեցաշենքին, որտեղ ամեն անկյունում Աստծո մեծ գործերի մասին են պատմել, ու վայելել Նրա ներկայությունը: Հուզմունքը ժպիտի տակ թաքցնելով՝ ՀԱԵ ծառայողներից Էրիկը պատմեց, որ եկեղեցուց վերջինն է դուրս եկել. «Բոլոր դռները խնամքով փակել եմ, բանալիները վերցրել…»:

 

Արցախի ՀԱԵ պատմությունը, չխմբագրված, տես այստեղ՝ https://www.eca.am/post/1302