.
«Շողիկ»-ը՝ արցախահայության ժամանակավոր կացարան

Ամիսներ շարունակ սով ու հալածանք կրած, ֆիզիկապես ու հոգեպես հյուծված մեր հայրենակիցներից շատերն այս օրերին խաղաղություն են գտել Հանքավանում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) «Շողիկ» ճամբարում:

Բռնագաղթյալների 36 ընտանիք՝ մոտ 180 հոգի, որոնցից 70-ը մանուկներ են, 26-ը՝ ծերեր:

ԱՀԱԸ-ն ապահովում է այս ընտանիքների անվճար կեցությունը`տանիք, 3-անգամյա սնունդ, բժշկական ու այլ նյութական կարիքներ, իսկ ՀԱԵ համայնքը՝ հոգևոր ծառայություն է մատուցում, լցնում նրանց առօրյան ուրախ ու հիշարժան պահերով, որպեսզի Աստծո մեջ գտնեն իրական խաղաղությունը:

Մինչև բռնագաղթը, ՀԱԵ հոգևոր խորհրդի որոշմամբ, Արցախում ՀԱԵ հովիվ էր նշանակվել պատվելի Արմո Արզումանյանը, սակայն շրջափակման պատճառով այդպես էլ չկարողացավ մեկնել: Այսօր պատ. Արմոն, կնոջ՝ Կարինեի հետ միասին, արցախահայերին ծառայում են Հանքավանում: Նրանց օգնում են ՀԱԵ ծառայողներն ու երեցկանայք, ովքեր ամեն շաբաթ յուրահատուկ նախաձեռնություններով այցելում կամ այցելելու են «Շողիկ», լցնելու են մանուկների առօրյան ուրախ ժամանցով, կանանց ձեռային աշխատանքներ են սովորեցնելու, հոգևոր թեմաներով զրույցներ ու սերտողություններ են կազմակերպելու, ինչպես նաև հանդես են գալու համեղ նախաձեռնություններով:

Հոկտեմբերի 1-ին «Շողիկ»-ում տեղի ունեցավ առաջին պաշտամունքը, պատ. Արմո Արզումանյանը խոսեց մեր կյանքում Հիսուս Քրիստոսի գործի մասին: Արցախի եկեղեցու ծառայողներից Էդիտան առաջնորդեց փառաբանությունը:

Արցախից բռնի տեղահանված և ճամբարում օթևան գտած ևս երկու քույրեր՝ Անին ու Մարիամը, ծառայեցին մանուկներին, նրանց  մանկական հոգևոր երգեր ու աղոթել սովորեցրեցին:

Այս օրերին պատ. Արզումանյանն ու նրա կինը՝ Կարինե քույրը, ապրում են ճամբարում՝ իրենց ամբողջ ժամանակը տրամադրելով արցախահայերին, լսում են նրանց պատմությունները, քաջալերում Աստծո Խոսքով: Ասում են՝ զարմանալի են Աստծո գործերը, յուրաքանչյուր ընտանիքում մի հրաշքի պատմություն կա:

«12 տարեկան Արմենը Արցախը լքել է՝ խաչը ձեռքում պինդ բռնած, և ամբողջ ճանապարհին աղոթել է ընտանիքի, հարազատների համար: Մայրն ասում է, որ այդ աղոթքներն են նրանց պահել, որ բոլորը ողջ են մնացել:

Լիդան պատմում է, որ Աստծո հրաշքով են փրկվել: Ամուսինը ողջ գիշեր բենզինի հերթի մեջ է եղել: Պայթյունի ժամանակ մտածել է, որ կորցրել է ամուսնուն, սակայն Աստծո հրաշքով նա ողջ է մնացել:

Անին պատմում է, որ երբ սկսվել է պատերազմը՝ ընտանիքի անդամները տարբեր վայրերում են եղել: Քույրը՝ Մարիամը, մնացել է կրակոցների կենտրոնում: Նրան փրկել շտապող քեռու մեքենայի մոտ արկ է պայթել: Երկուսն էլ Աստծո հրաշքով են փրկվել:

Այսօրինակ պատմությունները շատ են»,- ասում է Կարինե քույրը: Նրա խոսքով «Շողիկ» ճամբարում արցախցիները գտել են սեր, հանգստություն, ունեն ապահովության զգացում: Տատիկներից մեկն ասել է. «Զգում չըմ, վեր մեր տանը չըմ, հենցա մեր հյաթումը նստած ինիմ»:

Արցախահայերը «Շողիկ» ճամբարում իրենց զգում են Աստծո ապահով ձեռքերի մեջ: 

Նախորդ
...
X