2023 թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Նոյեմբերյանի համայնքը ողջունեց նոր հոգևոր հովվին: Տերունական պաշտամունքի ընթացքում տեղի ունեցավ Վեր. Արթուր Օչինյանի պաշտոնակոչությունը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց վեր. Արթուր Օչինյանին, որից հետո վերջինս պատասխանեց հովվական ուխտի համաձայն բարձրաձայնվող հարցերին՝ այդ կերպ հաստատելով Աստծուն հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը: Պաշտոնակոչության բուն ընթացքին հաջորդեց ՀԱԵ հոգևոր խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանի աղոթքը ՀԱԵ Նոյեմբերյանի նորանշանակ հովվի, նրա ընտանիքի, ինչպես նաև եկեղեցու ծառայողների ու հոգաբարձուների համար:
Վեր. Արթուր Օչինյանը խոսեց Աստծո կողմից կանչվածության ու կանչի 3 տեսակների մասին՝ հիմնվելով Մարկոս 1.15-ի վրա:
Վեր. Արթուր Օչինյանը ծնվել է 1974 թ.-ի մայիսի 13-ին, ք.Ստեփանավանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1993-1995 թթ.-ին ծառայել է Հայկական զինված ուժերում: 1995 թ.-ին ընդունվել է Իրավատնտեսագիտական համալսարան և ստացել իրավատնտեսագետի որակավորում, բակալավրի աստիճան: 1993 թ.-ից հաճախել է Ստեփանավանի ՀԱԵ և զինվորական ծառայությունից հետո ծառայել նույն եկեղեցու քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) և եկեղեցական ոլորտում: 1999 թ.-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) կողմից նշանակվել է Ալավերդու գրասենյակի պատասխանատու և զուգահեռ սկսել հովվական ծառայություն ՀԱԵ-ում: 2001-2005 թթ. սովորել և ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիան` ստանալով աստվածաբանության բակալավրի կոչում: Ավարտելուց հետո շարունակել է ՀԱԵ հովվությունը Ալավերդիում մինչ 2023 թ. նոյեմբերի 26-ը: Ձեռնադրվել է 2014 թ.-ին: 1999 թ. ամուսնացել է ՔԴ ծառայող Գայանե Շարբաթյանի հետ, ունեն մեկ որդի և մեկ դուստր: