Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու՝ (ՀԱԵ) Արցախից տեղահանված մանուկներն ու պատանիները՝ մոտ 70 հոգի, դեկտեմբերի 2-ին հավաքվել էին Բաղրամյան 18-ում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում:
Նպատակը նրանց համախմբելն ու մանկական Աստվածաշնչեր բաժանելն էր:
Ողջունելով ներկաներին՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն իր ուրախությունը հայտնեց, որ Արցախը լքելուց հետո ՀԱԵ մանուկներն առաջին անգամ առիթ ունեցան կողք կողքի գալու: Իրենց տները հապճեպ լքած ընտանիքներից շատերը չէին հասցրել վերցնել Աստվածաշնչերը, ու սա հրաշալի առիթ էր այդ բացը լրացնելու համար:
«Աստվածաշնչային պատումներ» մանկական գիրքը Քրիստոնյա կանանց ֆորումի (ՔԿՖ) նվերն էր արցախցի մանուկներին: Ֆորումի նախագահ Մարիաննա Ապրեսյանն իր խոսքում կարևորեց Աստծո Խոսքը՝ գրքի տեսքով երեխաներին պարզ ու մատչելի լեզվով հասանելի դարձնելը:
ՔԿՖ-ի փոխնախագահ, ՀԱԵ ներկայացուցիչ Մոնիկա Հովսեփյանն էլ քաջալերեց երեխաներին. փոխանակ սպասելու, որ ծնողներն իրենց համար կարդան Սուրբ Գիրքը, այսուհետ իրենք կարող են ընտանիքի անդամներին հավաքել Աստծո Խոսքի շուրջ:
Այս հանդիպումը նաև կարևոր էր, որպեսզի երեխաները կարողանան ինտեգրվել ու շարունակել ՀԱԵ կիրակնօրյա ու պատանյաց խմբերին մասնակցել այն շրջաններում, որտեղ հանգրվանել են: