.
ՀԱԵ ավագ հովվի շնորհավորանքի խոսքը

Խավարից մեզ հասած ցավի անորոշության մեջ ապրելով և մահվան ու կորստի անդառնալի իրականության առջև ուժասպառ եղած՝ Սուրբ Ծննդյան խոստումը մեզ կրկին հիշեցնում և հույս է տալիս, որ Աստված` Էմմանուելը, մեզ հետ է։ Նա մարդացավ, որ մեզ ներսից և դրսից պատած խավարն Իր լույսով ցրի՝ մեղքից փրկելով և լուսավորելով մեր ներկան ու ապագան։

Սուրբ Ծնունդը հույս է՝ անհույս իրավիճակների մեջ։

Աստված՝ հույսի Աստված է։ Նա մեր անհույս ընթացքի մեջ հույսի ճանապարհ բացեց։

Սուրբ Ծնունդը խաղաղություն է՝ անխաղաղ օրերի մեջ։

Աստված մի ներքին խաղաղություն է տալիս, որ ոչ ոք և ոչինչ ի զորու չեն խլել մեզնից։

Սուրբ Ծնունդն ուրախություն է՝ ցավի մեջ:

Նա, Ով ծնվեց, տեղյակ է մեր ցավերին, քանի որ մեր մեղքերի պատճառով անպատմելի տառապանքների միջով անցավ, որպեսզի փրկի մեզ։

Սուրբ Ծնունդը լույս է՝ խավարի իրականության մեջ։

Աստված լույս է, և Նրանում բնավ խավար չկա։ Իր ներկայությունը ցրում է մեզ ներսից ու դրսից պատած խավարը։
Աստված Իր մնայուն ներկայությունը խոստացավ՝ Իր Որդուն աշխարհ ուղարկելով։

Այս օրերի խավարը միայն Աստծո ներկայությամբ կարող ենք հաղթահարել և այս գիտակցումը կյանք դարձնելով՝ կարող ենք վաղվա օրն ավելի լուսավոր տեսնել։

Խոստումը մնայուն է և անփոփոխ. Աստված մեզ հետ է նաև այսօր։

 

Քրիստոս ծնվեց և հայտնվեց

Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի

 

Վերապատվելի Հովհաննես Հովսեփյան

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ