«Ամուր ընտանիքի գրավականը», այս թեմայի շուրջ էր Ստեփանավանում կազմակերպված մեկօրյա համագումարը, որին մասնակցեցին Հայաստանի տարբեր քաղաքներից Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու (ՀԱԵ) 20 զույգեր: Գրեթե 5 ժամ տեւած համագումարը սկսվեց հյուրասիրությամբ եւ զույգերին ծանոթանալու ու հաղորդակցվելու առիթ տալով, այնուհետեւ շարունակվեց միասնական փառաբանությամբ, որին հաջորդեց համագումարի հիմնական մասը՝ ամուր ընտանիքի գրավականի բացահայտումն ու Սուրբգրային հիմքերը: Բանախոսը՝ ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը համագումարի թեման երկու բաժնով ներկայացրեց: Նախ խոսեց Եփեսացիս 5-րդ գլխում զույգերի հարաբերությունների Աստվածային չափանիշի մասին, ներկայացնելով ընտանիքի հեղինակի՝ Աստծո կողմից որպես ուղեցույց մեզ տրված նոր հարաբերությունների կարեւորությունն ու մեխանիզմը, որը կօգնի ամուսնական կյանքը լիարժեք ապրելուն: Համագումարի նյութի 2-րդ բաժնում, որը ճաշից հետո էր, Վեր. Մկրտիչ Մելքոնյանը գործնական առաջադրանքներ տվեց զույգերին՝ իրար հետ զրուցելու, ընտանիքում ներման ուժի կարեւորության, միջոցների եւ դրդապատճառների մասին բացահայտումներ անելու համար: Զույգերը նաեւ առաձնանալու եւ նախ միմյանց, իսկ այնուհետեւ նաեւ փոքր խմբերով ՀԱԵ զույգերի ծառայությունների եւ ընտանիքների համար աղոթելու հնարավորություն ունեցան: Համագումարի ավարտին մասնակիցները նաեւ ինտելեկտուալ խաղի միջոցով ստուգեցին իրենց Աստվածաշնչյան գիտելիքներն ու միասին ճաշակեցին օրվա խորհրդանիշով զարդարված տորթը:
Ինչպե նշեց ՀԱԵ Ալավերդու հոգեւոր հովիվ եւ ՀԱԵ զույգերի ծառայությունները համակարգող Վեր. Արթուր Օչինյանը, սա նմանատիպ համագումարի առաջին փորձն էր: Գրեթե երկու տարի է, ինչ Հայաստանի տարբեր քաղաքներում ՀԱԵ-ն առանձին ծառայություն է սկսել եկեղեցի հաճախող զույգերի համար, որպեսզի ընտանիքներն ամուր հիմքերի, եւ Սուրբգրային սկզբունքների վրա կառուցվեն ու ապրեն: Համագումարի նպատակն այդ զույգերին մեկտեղելն էր փորձի փոխանակման, իրար քաջալերելու ու եւս մեկ անգամ ընտանիքի Սուրբգրային հիմքերին անդրադառնալու համար: